Հայերը միշտ ելք են փնտրել ու միշտ «գտել են»…Ելքը նախորդ սերունդների, իշխանությունների ստեղծածը ջարդելը, ոչնչացնելը և փչացնելն է, նախորդ պատմական ժամանակաշրջանները, իրադարձությունները վերանայելը, վերաքննելը: Միշտ էլ փորձել են ապացուցել, որ իրենք Հռոմի պապից ավելի կաթոլիկ են և գիտունիկ...


Քրիստոնեություն ընդունեցինք՝ ջարդեցինք և հիմնահատակ քարուքանդ արեցինք հեթանոսական տաճարներն ու մեհյանները: Հաճախակի փոխեցինք բնակավայրերի անունները, նայած թե ում տիրապետության տակ էինք՝ հույների, բյուզանդացիների, հռոմեացիների, արաբների, պարսիկների, թուրքերի, թե ռուսների…Փոխում էինք արագ, նվիրումով, ջանադրաբար ու մեծ սիրով…


Բոլշևիկ ու կոմունիստ դարձանք՝ ավերեցինք եկեղեցիները, մոռացանք Աստծուն, դարձանք ամենաթունդ ու նվիրյալ կոմունիստները: Էլի փոխեցինք քաղաքների, բնակավայրերի, փողոցների անունները…Հարևանի կինը սիրու՞ն էր, ուղարկեցինք Սիբիր՝ աքսորի, որ տիրանանք կնոջը, մյուսի տանն ու հողամասին, երրորդի պաշտոնին: Շատ-շատերին՝ տաղանդավոր, անտաղանդ, կին, տղամարդ նախանձից, շահից, թշնամանքից դրդված ուղարկեցինք բանտերն ու սիբիրները:


Կրկին փոխվեց կարգերը, էլի փորձեցինք ջնջել պատմությունը ու դեռ փորձում ենք և ցավոք հետագայում էլի կփորձենք, եթե խելքի չգանք:


Զարմանալին գիտե՞ք որն է…Որ «Ելք» դաշինքն ինչ-որ ելքեր էր փնտրում ու գտավ….Նրանց համար ելքերի ելքն էլի անվանափոխությունն է և պայքարն անցյալի, պատմության և ուրվականների դեմ…Փաստորեն հայերիս համար ելքն անընդհատ, պերմանենտ ջնջելը, փոխելը, վերանայելը ոչնչացնելն է…


Դա ելք չի, դա նեոբոլշևիզմի նման մի երևույթ է: Պարանոյա, բողոքականություն, երբ սկզբնական շրջանի գերարժեք մտքերը, գաղափարները հետագայում վերափոխվում են զառանցանքների: Ռեվիզիոնիզմ՝ անցյալը, նախորդների գործունեությունը վերանայող քաղաքական հոսանք ու արդեն հավանաբար ազգային առանձնահատկություն…
Դե ինչ, եկեք ազգանուններն ու անուններն էլ փոխենք՝ թուրքական, պարսկական, հրեական, ռուսական, անգլիական, ֆրանսիական, այլ զարմանազան, տարօրինակ ու սերիալային: Իսկ դրանք շատ են, շատ-շատ…


Եվ անվանակոչելիս էլ չպետք է շտապել ու ոգևորվել…Պետք է սպասել և տարիների ու սերունդների կողմից քննություն բռնած, ընդունված, մաքրամաքուր, տաղանդաշատ, ազգին, պետությանը նվիրումով ծառայած, մեծերի հերոսների, պետական գործիչների անունով անվանակոչել:


Իսկ առհասարակ, հաշվի առնելով մեր ազգային առանձնահատկությունը, դժգոհամոլությունն ու բողոքականությունը փողոցներն ուղղակի համարակալել է պետք, ինչպես շատ երկրներում է արվում…Համարակալել՝ 3-րդ փողոց, 7-րդ փողոց և այդպես շարունակ, էլ թշնամանք ու ատելություն չի լինի…


Հա՛, մոռացել էի…Լոս Անջելեսի անունը ե՞րբ ենք փոխում, հը՞…

 

Ռոբերտ Մելքոնյան