Մեկ անգամ առիթ ունեցել եմ իմ դիտարկումներում նշել, որ տեղին չէ հայ պատմության մեջ դեմքերին տիրաժավորել. վերջին մեկ շաբաթվա լրահոսային թոփ թեմա դարձած փողոցների հետ կապված աժիոտաժն ինձ մոտ առաջացրեց այդ թեզն կրիկին առաջ քաշել: Փորձեմ մի քանի տվյալներ ներկայացնեմ հանրության քիչ թե շատ հայտնի կամ անհայտ դեմքերից:
«Պրոֆեսիոնալ հեղափոխական»՝ ամենից շատ այս խոսքերով են նրան բնութագրում պաշտոնական աղբյուրներում: «Զինյալ ահաբեկիչ, կողոպտիչ, արկածախնդիր»՝ այսպես էին անվանում նրան այն մարդիկ, ովքեր բոլշևիկյան հեղափոխության ժամանակ կորցնելու բան ունեին: Սիմոն Տեր-Պետրոսյան անունը նա ստացավ ծնվելիս, իսկ պատմության մեջ մտավ կարճ մականունով՝ Կամո:


1907-ի հունիսի 13-ի առավոտյան Պետական բանկի թիֆլիսյան մասնաճյուղի հաշվետարն ու գանձապահը կառքով տանում էին մայրաքաղաքից ուղարկված մեծ գումար՝ քառորդ մլն ռուբլի: Նրանց հետևում էր մեկ այլ կառք՝ երկու զինված հրաձիգներով: Երկու կառքերն էլ գտնվում էին կազակների շարասյան պաշտպանության տակ: Հանկարծ իշխան Սմբատովի տան կտուրից կառքերի վրա է նետվում սարսափելի ուժգնության մի ռումբ, որի պայթյունից 1կմ շառավղով գտնվող տների ապակիները ջարդ ու փշուր են լինում: Գրեթե միաժամանակ շարասյան վրա մայթերից նետվում են ևս մի քանի ռումբ: Հրապարակում անմիջապես խուճապ է սկսվում: Քննիչներին ոչ ոք չէր կարողանում նորմալ բացատրել, թե փողն ուր անհետացավ: Միայն վկաներից մեկին էր հաջողվել տեսնել, թե ինչպես էր վարգաձի հեծած սպայական համազգեստով մեկը հրապարակով անցել, նետվել դեպի պայթեցված ու ծխացող կառքը, ինչ-որ բան ճանկել այնտեղից ու ռևոլվերից աջ ու ձախ կրակ տեղալով՝ անհետացել: Բայց մինչև այդ հրապարակից հեռանալիս, հասցրել էր նույնիսկ իրեն ընդառաջ եկող ոստիկանապետին ողջունել: Սպայական համազգեստով ծպտյալը Սիմոն Տեր-Պետրոսյանն էր, ավելի հայտնի որպես Կամո:


Նույն թվականի նոյեմբերին Կամոն էլ մատնությամբ ձերբակալվում է Բեռլինում: Հետագա դեպքերը դասական օրինակ դարձան խորհրդային գաղափարախոսական քարոզչության զինանոցում, իսկ ավելի ուշ գրվեցին բժշկահոգեբանական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողների դասագրքում: Նա դատապարտվեց հոգեկան հիվանդ ախտանիշով: 1909-ին հանձնեցին Ռուսաստանին, որից հետո ուղարկեցին Թիֆլիսի Մետեխի բանտը: Այնտեղ անցկացրեց ևս երկու տարի՝ շարունակելով հոգեկան հիվանդ ձևանալ: 1911-ի օգոստոսի 15-ին Կամոն, սղոցելով կապանքներն ու ճաղերը, կարողացավ փախչել բանտի հիվանդանոցից: 1913-ի հունվարին նրան նորից ձերբակալեցին փոստային կառքի վրա հարձակվելու հերթական փորձի համար: Բժշկական զննումը ցույց տվեց, որ հոգեկանը լրիվ առողջ է:


Կամոն, իր ժամանակների Չե Գևարան, մահացավ 1922-ին Թիֆլիսում՝ հեծանվով տուն վերադառնալիս ընկելով քաղաքի միակ բեռնատարի տակ. վարկածներից մեկի համաձայն գիշերային «վթարը» կազմակերպվել էր Ստալինի հրամանով, որն ուզում էր ազատվել իր բազմաթիվ մութ գործերի ականատեսից ու անմիջական մասնակցից (բանկի թալանման գործում, ըստ տեղեկությունների, մասնակից է եղել նաև Կոբան):


Անկախ նրանից, թե որ դարաշրջանում կամ ինչ կուսակցության է պատկանել տվյալ անհատը, պետք չէ ծայրահեղորեն քննադատել ու միանշանակ սվինահարել: Մեր հանրության հատկապես նոր սերունդը, գրեթե անտեղյակ է, թե ով է Կամոն, կամ ինչով է աչքի ընկել, ընդհանրապես, իսկ շատ դեպքերում ուղղակի ասում են' «դե հեղափոխական Կամոն է, հեծանիվին մեքենան խփել է մահացել»:


Հ.գ. Կուբայի խորհրդարանում շատ հեղափոխական և կոմունիստ դեմքերի կողքին, երկրորդ պատվավոր տեղում կախված է Կամոյի նկարը:

 

Արմեն Հովասափյան