«Ելքի» առաջարկած փողոցների անունները փոխելու պահով մի հատ հին սովետական անեկդոտ հիեշեցի, երբ ավտոբուսի վարորդը կանգնելով Վաղարշյան փողոցի կանգառում ասում է՝ Վաղարշյան, իջեք, հաջորդ կանգառին ասում Փափազյան, իջեք, և նրան է մոտենում մի ծեր կին ու հարցնում․ «Տղա ջան, ես Հարությունյան եմ, որտե՞ղ իջնեմ»:

Ասածս էն ա, որ Կասյան փողոցը իր մեջ բոլշևիկյան լիցք չի կրում, քանզի մարդկանց մեծ մասը նույնիսկ չգիտի, թե ինքը ով է: Ինքն ուղղակի կողմնորոշվելու համար անուն է, կարող էր թիվ լինել կամ, ասենք, Զոհրաբյան փողոց: Հայերի ճանաչողությունը Սիամանթոյի պոեզիայից չավելացրեց նաև Կասյան փողոցի վերանվանումը Սիամանթոյի: Գործածական մնաց «Կասյա» անունը և նորից վերագտավ իր տեղը: Ի վերջո, այս հարցերում հայաստանցիները անկախության արևածագին ինչ-որ հանրային հայտարարի եկան՝ չդիպչելով հայ ակնառու բոլշևիկների արձաններին (Շահումյան, Մյասնիկյան ), միաժամանակ վեր խոյացնելով նոր արձաններ: Ու դա խոհեմ որոշում էր: Նոր անուններ ստացան նաև շատ փողոցներ, հիմնականում՝ դարասկզբի հայ քաղաքական գործիչների անուններով՝ այդպիսով վերարժևորելով նրանց ներդրումը հայ ժողովրդի պատմության մեջ: Դա այն տարիներին շատ բնական և օրինաչափ պրոցես էր, իսկ հիմա կեղծ օրակարգ է: Կարևորը՝ մեր միջի բոլշևիկից ձերբազատվելն է։