ԱՄՆ–ի նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը հայտարարել է, որ Իրանին չպետք է թույլ տալ լցնել այն վակուումը, որը կառաջանա ԻՊ–ի նկատմամբ հաղթանակից հետո։
Ըստ նրա, ԻՊ–ի նկատմամբ հաղթանակը կարող է հանգեցնել Մերձավոր Արևելքում իրանական ծայրահեղ գերիշխանությանը։


Քիսինջերը նշել է, որ եթե ԻՊ–ի դիրքերը գրավեն իրանական զորքերը կամ նրանց կողմից հովանավորվող խմբերը, ապա Թեհրանից մինչև Բեյրութ կառաջանա «իրանական ծայրահեղ կայսրություն»։


Քիսինջերի պես փորձառու և Մերձավոր Արևելքը խորությամբ տիրապետող գործչի կողմից այս ուշագրավ հայտարարությունը տեղավորվում է Թրամփի նոր վարչակազմի և նրան Պենտագոնում ու հատուկ ծառայություններում շրջապատող «բազեների» այն դիրքորոշմանը, որ Իրանին պետք է ամեն կերպ զսպել'պատժամիջոցներ, ներքին անջատողականության ֆինանսավորում, իրանաֆոբիայի տարածում ԶԼՄ–ների կողմից, Իրանի շուրջ թշնամական կոալիցիաների ձևավորում'Ծոցի արաբական երկրների կողմից, Իրաքում և Աֆղանստանում'Իրանի սահմանների երկայնքով շիաների դեմ պատերազմի հրահրում ու Իրանի ներքաշում տարբեր proxy war կոչվածներում Սիրիայում, Իրաքում, Եմենում, Աֆղանստանում և այլուր։


ԻՊ–ի դեմ հաղթանակի ու ջախջախման պարագայում Սիրիան վերածվելու է իրանական պլացդարմի'էլ ավելի ուժեղ կախվածությամբ Թեհրանից, քան մինչ քաղաքացիական պետարազմն այդ երկրում'Ասադին փրկել են ՌԴ–ը և Իրանը'ի դեմս շիական ջոկատների, Հզբոլահի և իրանական Ալ–Կոդս և այլ հատուկ ստորաբաժանումների։ Իսրայելը, որն Թրամփի վարչակազմի վրա ունի մեծ ազդեցություն զգուշանում է, որ իր սահմանների երկայնքով կձևավորվի իրանանական ազդեցության գոտի'Լիբանանի հարավում Հզբոլահը, Հոլանի բարձրունքների երկայքնով շիական խմբավորումները, իսկ ՀԱՄԱՍ–ի վրա Իրանն էլ այս պահին սկսել է մեծացնել իր ազդեցությունն ու ֆինանսավորում է պաղեստինյան ծայրահեղական թևին։


Քիսինջերը Թրամփին խորհուրդ է տալիս թույլ չտալ այսպես կոչված շիական առանցքի վերականգնում և ուժեղացում, որը ձգվելու է Իրանից, Իրաքով, Սիրիայով դեպի Լիբանան, իսկ հարավային ուղղությամբ'Բահրեյնով, Սաուդյան Արաբիայի արևելյան'շիաբնակ շրջաններով դեպի Եմենի հոուսիտներ։ Չմոռանանք նաև Իրանի ազդեցության մասին Աֆղանստանում, որտեղ գտնվում են ամերիկյան զորքերն' ի շնորհիվ տեղի խազարեական, շիա համայնքի ու Թալիբանի հետ որոշակի շփումների ու աշխատանքների։


Փաստորեն, ԻՊ–ի դեմ հաղթանակը կարող է նշանակել շիական ուժերի հաղթանակ Իրաքում, Սիրիայում, Լիբանանում'Լևանտն ու Միջին Արևելքը վերածվում են Իրանի ազդեցության գոտու, ինչը չեն կարող թույլ տալ սուննիական աշխարհն'ի դեմս Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, իսկ մյուս կողմից'ԱՄՆ–ի ու Իսրայելի, որպես այս պահին հակաիրանական տանդեմի։ ԱՄՆ–ը ԻՊ–ի «փոխարեն» Իրանի դեմ կարող է օգտագործել քրդերին'սիրիական, իրաքյան, իրանյան, իսկ հարավային թևում'Ծոցի «արաբական ՆԱՏՕ»–ին կամ արաբական միապետություններին։ ԻՊ–ին կարող են փոխարինել նաև սուննիական տարբեր ուժեր թե Իրաքում, թե Լիբանանում, Սիրիայում, որպես տեղի շիական, իրանական ազդեցությանը հակակշիռ գործոն'դրանք վայելելու են թե ԱՄՆ–ի, թե Իսրայելի լայն աջակցությունն'ի դեմս նրանց հատուկ ծառայությունների և ֆինանսական միջոցների։


Իրանին սպասում է թեժ պայքար Մերձավոր Արևելքի տարբեր թատերաբեմերում, ինչն էլ ստիպելու է Իրանի ղեկավարությանը, բանակին ու հատուկ ծառայություններին ուժեղացնել «շիական աշխարհին» տրամադրվող ռազմա–քաղաքական, ֆինանսական և տեղեկատվական աջակցության քանակն ու որակը։

 

Արտյոմ Բալասանով