Իրանի նախագահի երդման արարողության ժամանակ Հասան Ռուհանիի ելույթում հնչած «մեսիջները» վկայում են, որ չնայած նախընտրական շրջանում և դրանից հետո ընկած ժամանակաշրջանում առաջացած ներիշխանական լարվածությանը, առաջիկա չորս տարիներին նախագահ Ռուհանիի կառավարությունը երկրի առջև ծառացած ներքին և արտաքին խնդիրները լուծելու է լեգիտիմության լիարժեք պաշարով՝ տրված բազմամիլիոն քաղաքացիների, երկրի հոգևոր առաջնորդի, օրենսդիր, դատական իշխանությունների և ուժային կառույցների կողմից։
Իսկ մինչ խոստումների կատարումը Հասան Ռուհանին երդվել է. «Որպես նախագահ՝ սուրբ Ղուրանի և Իրանի ժողովրդի առջև երդվում եմ, որ կլինեմ պաշտոնական կրոնի, Իսլամական Հանրապետության կարգերի և երկրի սահմանադրության պաշտպանը և կներդնեմ իմ ամբողջ կարողություններն ու իրավասությունները՝ ինձ վրա դրված պարտականություններն իրականացնելու համար, ինձ կզոհաբերեմ իմ ժողովրդին և երկրի բարգավաճմանը, կրոնի և բարոյականության տարածման համար, իրավունքների պաշտպանության և արդարության տարածման համար, կպաշտպանեմ սահմանադրությամբ քաղաքացիներին վերապահված իրավունքները։
Երդվում եմ, որ կանեմ ամեն ինչ երկրի սահմանների պաշտպանության և երկրի տնտեսական, քաղաքական և մշակութայրն անկախության ապահովման համար։
Երդվում եմ, ապավինելով Բարձրյալին, հետևելով Մարգարեի ուղուն, պահպանել ժողովրդի կողմից ինձ վստահված իշխանությունը հանձնել նրան, ում ժողովուրդը կընտրի ինձանից հետո»։