Ե՞րբ է մարդ երջանիկ իրականում, երբ խաղաղ ու հաշտ է Աստծո և իր հետ: Մեր կյանքում բացակայում է հենց այս բաղձալի խաղաղությունը, ալեկոծված են և խառը ոչ միայն մեր մտքերն ու հոգիները, այլև սրտերը, մի տեսակ անհասկանալի իրավիճակ է:

 

Ներդաշնակ վերոգրյալ խաղաղությանն է ձգտում ամեն ոք, որին հասնելը, սակայն, հսկայակական հոգևոր ջիգ և ջանք է պահանջում: Ամեն անգամ Ս. Պատարագի ժամանակ պատարագիչ հոգևորականի «Խաղաղություն ամենեցունը» ստիպում է մտածել և գործնական քայլեր կատարել' վերագտնելու համար կատարյալ խաղաղությունը: Դրան հասնելու լավագույն ճանապարհն աստվածճանաչողությունն է, Ս. Գրքի սերտողությունն ու Տիրոջ լույս պատվիրանների քաղցրության ճաշակումը:

 

Կարևոր է ոչ միայն ներդաշնակ լինել Աստծո և սեփական եսի հետ, այլ նաև խաղաղության քարոզիչ լինել կյանքում, չէ՞ որ Տերն ասում է. «Երանի խաղաղարարներին, քանզի նրանք Աստծո որդիներ պիտի կոչվեն» (Մատթ. 5. 9): Առավոտյան բարի լույսի ավետիսով խաղաղություն եմ մաղթում ամենքիդ և մեր երկրի սահմաններին այն վստահությամբ, որ քանի դեռ Աստված մեզ հետ է, մենք ուժեղ և զորավոր ենք: