Միացյալ Նահանգների կողմից Իրանի և Ռուսաստանի նկատմամբ ընդունված նոր պատժամիջոցներով պայմանավորված Բաքուն զգուշավորություն է ցուցաբերում Իրան-Ադրբեջան երկաթգծի՝ մասնավորապես Ռաշթ-Ասթարա հատվածի կառուցման նկատմամբ:

 


Մինչև Իրանի և Միացյալ Նահանգների փոխհարաբերություններում առաջացած լարվածությունը, Իրանն ու Ադրբեջանը ակտիվ բանակցում էին երկաթգծի շինարարության շուրջ, նույնիսկ ադրբեջանական կողմը պատրաստակամություն էր հայտնել 500 մլն. դոլարի ներդրում կատարել:
Այդ շրջանում «Հյուսիս-հարավ միջանցքի» գործարկման առնչությամբ նույնիսկ իր գոհունակությունն էր հայտնել Ադրբեջանում Իսրայելի դեսպանը: Պետք է ենթադրել, որ երկաթգծի իրանական հատվածում Ադրբեջանի կողմից ներդրումներ կատարելու դեպքում իսրայելական ընկերությունները ևս միջնորդավորված կարող էին մասնակցություն ունենալ այդ նախագծին:

 


Ինչպես նշում են ԻՀՊԿ-ին մոտ կանգնած տեղեկատվական ռեսուրսները՝ թեև ժամանակին Իրանը հաշվարկել էր դրանից սպասվող հնարավոր ռիսկերը, սակայն տնտեսական գործոնով պայմանավորված առաջնահերթությունը տվել էր երկաթգծի գործարկմանը: Այդ համատեքստում՝ Իրանում գտնում են, որ այսուհետ Բաքուն իր հետագա գործողությունները համաձայնեցնելու է Վաշինգտոնի հետ:
Այժմ ԱՄՆ նոր վարչակարգի որդեգրած «իրանական» քաղաքականությամբ պայմանավորված Բաքուն կարծես թե փորձում է վերանայել Իրան-Ադրբեջան երկաթգծի կառուցման մասին որոշումը՝ հասկանալով, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի և Ռուսաստանի նկատմամբ սահմանված նոր պատժամիջոցների, առավել ևս դրանց սաստկացման պարագայում Բաքվի համար վտանգավոր կլինի մի կողմից սպասարկել ԱՄՆ-ի և Իսրայելի շահերը, մյուս կողմից դիմակայել Իրանի ճնշմանը:

 


Հ.Գ. Ինչպես հաղորդում են իրանական ոչ պաշտոնական լրատվամիջոցները՝ ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանին Իլհամ Ալիևին հրավիրել է՝ մասնակցելու իր երդմնակալությանը: Բաքվից էլ կարծես թե հստակ պատասխան չեն տվել՝ միայն հավաստիացնելով, որ ԱՀ-ն բարձր մակարդակով ներկայացված կլինի Ռուհանիի երդմնակալությանը: