Իրան-Ադրբեջան դիվանագիտական դուելը շարունակվում է

Մի քանի օր առաջ ադրբեջանցի պատգամավոր, Ադրբեջան-Իսրայել խորհրդարանական բարեկամության ղեկավար Եվդա Աբրամովը մեղադրել էր Իրանին Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու համար՝ հակադարձելով ԻԻՀ խորհրդարանի խոսնակ Ա․ Լարիջանի այն մտահոգությանը, որ Իսրայելի միջամտությունը Արցախյան հիմնախնդրին բացասական հետևանքներ կունենա։ Ե․ Աբրամովը ասել էր, որ Իսրայելը ոչ մի դեպքում չի կարող ուղղակի մասնակցություն ունենալ Արցախյան հակամարտությանը և մասնավորապես նշել, որ «Իրանցիները դիվանագիտության և գրագիտության մեջ հետընթաց են արձանագրել»:

Ինչպես և սպասվում էր, իրանական կողմի պատասխանն ադրբեջանցի պատգամավորին չի ուշացել։

Հուլիսի 19-ին իրանական ԶԼՄ-ները տարածեցին իրանցի հայտնի քաղաքական փորձագետ Աբդոլռեզա Ռաիսիի՝ «Իսրայելի՞, թե՞ Ադրբեջանական Հանրապետության պատգամավոր» վերնագրով հոդվածը։ Հոդվածում, ի պատասխան «Իրանցիների դիվանագիտության մեջ հետընթաց են արձանագրելուն»՝ փորձագետը պատգամավորին հիշեցնում է, որ երկու տարի առաջ ձեռք բերված միջուկային համաձայնությունը և այդ փաստաթղթի ստորագրումն ու դրա շուրջ ցայսօր ընթացող բանակցությունները երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի բանակցություններից հետո մինչ այժմ արձանագրված ամենաբարդը և խճճվածն են եղել, որոնք հաջողություն են գրանցել և գրանցում հիմնականում իրանական դիվանագիտության շնորհիվ։

Այնուհետև, Ա․ Ռաիսին, շարունակելով իր հիշեցումները Ե․ Աբրամովին, գրում է, որ Ադրբեջանը Իրանի պատմության կարևոր և բաղկացուցիչ մասն է, և փորձել Ադրբեջանը դիտարկել Իրանի պատմությունից դուրս, սխալ է։

Փորձագետը, նկատի ունենալով Իսրայելին, գրում է․ «Բավականին հեշտ է թշնամու խոսափողը դանալը և նրա շահերին ծառայելը, սակայն նույն թշնամուն չպետք է թույլ տալ վարկաբեկել երկու երկրների հարատև և մշտական բարեկամական կապերն, պետք է հաշվի առնել այն բոոր քաղաքական, մշակութային և, որ ամենակարևորն է, կրոնական ընդհանրությունները, որոնք գոյություն ունեն երկու հարևան պետությունների միջև»։

Ակնհայտ է, որ Իրանը Ադրբեջանին սեփական պատմությունից և քաղաքակրթական ուղեծրից դուրս չի դիտարկում և երբեք էլ չի դիտարկել, միևնույն ժամանակ, ևս մեկ անգամ, համոզվում ենք, որ Իսրայելն Ադրբեջանն օգտագործում են Իրանի դեմ պայքարի պլացդարմ և հաջողությամբ գործում է տարբեր ասպարեզներում, ինչն, իհարկե, շատ լավ հասկանում են Իրանում և ամեն կերպ փորձում չեզոքացնել այդ վտանգը՝ օգտագործելով Ադրբեջանի ներսում ունեցած իրենց հզոր ներկայությունը՝ ի դեմս հավատացյալ շիա զանգվածի։