Այսօր Համբուրգում կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը՝ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Նալբանդյանն ու Մամեդյարովը բանակցելու են այն մասին, թե ինչպես կարող են վերսկսել հակամարտության կարգավորման շուրջ բուն բանակցությունները:

Այսօր Մինսկի խմբի համանախագահների կողմից ակնկալվում է պարտադրանք ադրբեջանական կողմին, որպեսզի վերջինս վերադառնա Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման ընթացքին: Փաստացի այսօր բանակցություններ են՝ բանակցությունները վերսկսելու համար։ Անգամ այս պայմաններում, սակայն գերդասելի է թեկուզ չնչին բանակցային գործընթացները, դիվանագիտական հարաբերություններն ի սպառ վերացնելուց։ Ադրբեջանական կողմի նպատակներից մեկն այսօր փաստացի բանակցային գործընթացի վերացնելն է, քանի որ այդ կերպ կկարողանա լեգիտիմացնել ագրեսիվ գործողություններն ու լայնամասշտաբ գործողությունների վերսկսումը։

Այս մասին գիտակցում են նաև ՀՀ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները։ Մասնավորապես ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավարը նշել է․ «Մենք հետևողականորեն օրակարգի մեջ ենք պահում և պահելու ենք Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանների կատարման գործընթացը: Արտգործնախարարների հանդիպումը հնարավորություն է տալիս վերադառնալու գործընթացի կառուցողական հունին»։

 

Արման Ալավերդյան