• Ադրբեջանական մեդիադաշտին քաջածանոթ լինելու դեպքում սկսում ես «տեղեկատվական վտանգը» (կեղծիք, մանիպուլյացիա, սուտ) զգալ հոդվածի առաջին նախադասությունից, երբեմն՝ արդեն վերնագրից։ Հասկանալի պատճառներով՝ գիտակցական ամբողջ կյանքդ չես կարող նվիրել դրանց բոլորի մերկացմանն ու հրապարակայնացմանը, բայց երբեմն այդ զբաղմունքը ձեռք է բերում հոբբիի երանգներ և որոշում ես… խորանալ։
• Չորս օր առաջ ադրբեջանական պետական ամենախոշոր լրատվական գործակալության՝ «Ազերթաջի» հռոմյան թղթակիցը, ում անուն-ազգանունը մեկտեղում է «իրանական երկինքը» և «արաբական առյուծը»՝ Ասիման Ասադով, սեփական ընթերցողներին ավետում էր, որ իտալական իշխող Դեմոկրատական կուսակցության մամուլի օրգանում՝ «Մոնդո Դեմոկրատիկո» առցանց թերթում, ոմն հետազոտող անդրադարձել է ԼՂ հակամարտությանը և ադրբեջանցի երեխայի մահվան դեպքին։
• Առանձնակի ճիգ ու ջանք չի պահանջվում այդ հոդվածի իտալերեն բնօրինակը գտնելու համար, հատկապես որ Ասիմանը հոդվածի վերջում «մեր գեղից մարդ չկա» սկզբունքով անվարան կերպով տեղադրել էր ուղիղ հղումը։ 
• Այնուհետև բացում ես իտալական այդ կայքի «ո՞վ ենք մենք» (Chi siamo) բաժինը և կարդում՝ «ՄոնդոԴեմը միջազգային քաղաքականության հետազոտական կենտրոն է։ Մեր նպատակն է փորձագետների և պրոֆեսիոնալների ցանց ձևավորել, որն ունակ կլինի Դեմոկրատական կուսակցությանն ապահովել միջազգային հարաբերությունների բարդ համակարգը քակելու մեկնողական գործիքակազմով… ՄոնդոԴեմը կյանքի է կոչվում երիտասարդ հետազոտողների և պրոֆեսիոնալների ցանցի կողմից… Նախագիծը ծնունդ է առել Հռոմում և Միլանում Դեմոկրատական կուսակցության անդամների և համակիրների կողմից… Մենք ծառայում ենք Դեմոկրատական կուսակցությանը, վերջինիս շրջանակներին, անդամներին, համակիրներին…»։ Պա՞րզ է, չէ՞, որ սա չի նշանակում «Դեմոկրատական կուսակցության մամուլի օրգան»։
• Բայց այս բոլոր փաստերը, ինչպես կասեր Մեծն Կոմբինատորը, մեզ հետաքրքրում են զուտ հետաքրքրասիրության շահերից… :-)
■ Հղումացանկ՝
- «Ազերթաջի» հոդվածն՝ այստեղ
- «ՄոնդեԴեմ»-ում գրված սյունակն՝ այստեղ
- «ՄոնդեԴեմ»-ի կայքի «Ո՞վ ենք մենք» էջն՝ այստեղ
- Իտալիայի Դեմոկրատական կուսակցության իրական պաշտոնական կայքն՝ այստեղ


Էդգար Էլբակյան