Երևանը պետք է դատի տա որոշ ֆրանսիական ԶԼՄ-ների Հայաստանի հասցեին զրպարտություններ տարածելու համար

Զուհրա Գուլիևայի մահը պաշտոնական Բաքվի կողմից օգտագործվում է միջազգային մամուլում հայատյացությամբ լի պատվերով հոդվածների լույս տեսնելու նպատակով։ Զարմանալի է, բայց Ալիևի գլխավոր գործընկերներն են այս ոլորտում ֆրանսիական որոշ պարբերականներ, որոնցից առանձնանում են Le Monde-ը և Mediapart-ը։ Այս երկու պարբերականներն, ըստ ազերիական ԶԼՄ-ների, լույս են տեսել գրեթե նույնաբովանդակ հոդվածներով, որոնք ամբողջությամբ արտացոլում են Բաքվի տեսակետն Արցախյան հիմնահարցում և Զուհրայի մահվան հետ կապված վարկածում։ Այդ ամենից կարելի է ապացուցված համարել, որ ադրբեջանցիներին հաջողվել է գնել ֆրանսիական այդ պարբերականները։ Սակայն երկու հոդվածում էլ կան տարրական զրպարտանքներ և ապատեղեկատվություն։ Այսպես, և՛ Le Monde-ում, և՛ Mediapart-ում լույս տեսած հոդվածներում ասվում է, որ 4000 ադրբեջանցիներ են անմարդկային պայմաններում ժամանակին գտնվել Հայաստանի տարածքում գործող ճամբարներում, որոնց մեծ մասը անմարդկային վերաբերմունքի պատճառով մահացել է։ Սա տարրական սուտ է և զրպարտություն։ Ֆրանսիական պարբերականները Բաքվից ստացած պատվերով պախարակում են Հայաստանին։ Այսպիսի ստահոդ լուրեր տարածելով՝ Ադրբեջանը փորձում է քողարկել այն ապացույցները, որ հենց Ադրբեջանի տարածքում գոյություն ունեն համակենտրոնացման ճամբարներ։ Օրինակ՝ Գոբուստանի բանտը, որտեղ, ըստ հավաստի տվյալների, մինչև հիմա կան հայ գերիներ։
Այս ամենին պետք է կտրուկ արձագանքվի, ինչպես նաև Հայաստանը պետք է դատի տա Monde-ին և Mediapart-ին Հայաստանի մասին զրպարտություններ և ապատեղեկատվություն տարածելու համար։

 

Գագիկ Համբարյան