Դեռ Հեբբելսն էր ասում, որ եթե սուտը կրկնես 1000 անգամ, ապա այն կդառնա ճշմարտություն։ Ցավոք սրտի՝ քարոզչական այս աքսիոմի հայկական ադապտացմանը մենք առաերեսվում ենք այսօր։ Ու եթե խնդիրը դրանով սահմանափակվեր, ապա կլիներ փորձանքի կեսը։ Խնդրո խորքայնությունը նրանում է, որ ստի լեգիտիմացումը զուգորդվում է կարևոր արժեքների ու իմաստների աղավաղումով։

Վերցնենք «ազատամարտիկ», «հերոս» և «ֆիդայնականություն» հասկացությունները։ Օրինակ՝ պետական քարոզչության Վազգեն Սարգսյանական պաթոսի շնորհիվ, այսօր էլ շատ մարդիկ ու հատկապես՝ երիտասարդներ, վստահ են, որ ֆիդայնական շարժումը ավելի արդյունավետ է, քան կանոնավոր բանակը, իսկ դաշտային պայմաններում պատերազմական գործին ծանոթացող բանվորը, ֆերմերը, բանասերն ու ինժեները ամերիկյան հատուկ նշանակայինից էլ հզոր ուժ են, եթե ունեն հայի գեն, մորուք ու գնդացիրի ժապավեն են փաթաթում իրենց վրա։ Ինչի՞ց է սա գալիս․ մասնավորապես նրանից, որ Արցախյան պատերազմի քրոնիկները նայելիս, ավելի շատ նման տղաների մասին են պատմում ու նրանց են կադրում ցույց տալիս։ Ոչ մի կերպ չուրանալով նրանց ավանդը, այնուամենայնիվ հիշեցնեմ, որ պատերազմում բեկում մտավ մեծապես շնորհիվ պրոֆեսիոնալ զինվորականների, երբ պատերազմի վարումը մեծ մասով վստահվեց ոչ թե խմբագիր-ֆիզռուկերի ու միտինգային ճարտասանների, այլ ԽՍՀՄ բանակի գեներալների, սպաների ու նախկին զինվորականների։ Արդյունքում, այսօր գուգլով եթե որոնես թեմատիկ նկարներ ու տեսանյութեր, ապա որոնման ամեն երկրորդ արդյունքը կլինի օրինակ՝ Պավլիկի տարբեր ռակուրսներով ֆոտոսսեսիիաները ու/կամ նրա մասին վավերագրական ֆիլմերը, իսկ օրինակ՝ Քրիստափոր Իվանյանի ու Նորատ Տեր-Գրիգորյանցից համարյա կադր չես գտնի։

Հազար անգամ կրկնված մյուս սուտը, որն աստիճանաբար վեր է ածվում ներդրված ճշմարտություն, կարելի է ձևակերպել ֆեյսբուքում առավել հաճախ հնչող շաբլոն մեկնաբանության տեսքով․ «Ո՞ւր էիր դու, երբ 90-ականներին Սասնա Ծռերը քո համար արյուն էին թափում»։ Դե արի ու բացատրի, որ 90-ականներին անձամբ ես 3-7 տարեկան էի, իսկ ՊՊԾ-ն գրավողների 90 տոկոսը նույն այդ ու մի շարք այլ պատճառներով ոչ մի գրամ արյուն չէին թափում, այն պարզ պատճառով, որ ոչ մի վայրկյան չեն մասնակցել պատերազմին։ Բայց դե շաբլոնը կերտվեց, հազար անգամ կրկնվեց, ու by default համարվում է, որ Սասնա Ծռերի անդամները, կամ էլ՝ դրանց մեծ մասը կռված են։ Ու ցանկացած ոք, ով փորձել է օգնել իրենց՝ նույնպես կռված կլինեն, էլի։ ԽՍՀՄ բանակից հաշմանդամության համար զորացրված Հաց բերողի միֆականացումն էլ թող լինի ասածիս վառ օրինակ։ Ի դեպ, հանուն արդարության պետք է նշել, որ «ազատամարտիկ» ու «կռված տղա» հասկացությունների բռնաբարությունը Սասնա Ծռերը չեն սկսել, այլ նույն Երկրապահը, որի ղեկավարության թեթև ձեռքով, կռվից 25 տարի անց, պատերազմի մասնակցի կարգավիճակ ունի մոտ 3 անգամ ավելի շատ մարդ, քան ռեալ մասնակցել է պատերազմին։

Սակայն ամենաանողոք բռնաբարության ենթարկվում է «հերոս» հասկացությունը։ Ընդ որում՝ բոլորի կողմից․ թե՝ իշխանությունների, թե՝ ընդդիմության, թե՝ սասնածռիստական ռադիկալների, թե՝ հասարակության։ Ո՜վ չալարի, ո՜ւմ ուզի հերոս է կարգում։ Ժամկետային ծառայությա՞ն ես գնացել՝ հերոս ես, պոստ ես պահել՝ հերոս ես, դիպուկահարի կրակոցից ես զոհվել (հաճախ՝ անվտանգության կանոնները խախտելու արդյունքում)՝ հերոս ես, ահաբեկչություն ես արել՝ հերոս ես (եթե ընթացքում ասել ես, որ էլ ճար չկա ու իշխանություն ես քրֆել), ժողովրդի հերն ես անիծել ու ընտրություններ ես կեղծել, ապա հոգ չէ, եթե պարբերաբար պաթոսային ելույթներ ես ունեցել ու Նժդեհի անունն ես տվել՝ հերոս ես․․․ հասել ենք նրան, որ եթե ՍԱՍ ես թալանել՝ հերոս ես․․․

Էհ հետո՞, սենց մինչև ո՞ւր։ Զգո՞ւմ եք, թե ինչ ցածր մակարդակի ենք հասցնում հերոս լինելու նշաձողը, երբ ապրիլին 6 տակն խոփողին էլ ենք հերոս ասում, ինքնաձիգին եռագույն լենտեր փաթաթող մարդասպանին էլ, ընտրակեղծարարին էլ, խանութ թալանողին էլ․․․ Սենց կուպեում, ազնիվ խոսք, ես էլ չէի ուզենալ լինել հերոս, թեկուզ՝ արժանի։

Մի՛ խաբեք։ Մի՛ խաբեք ինքներդ ձեզ ու ուրիշներին, որովհետև մենակ դուք չեք դա անում ու ստացվում է հազար անգամ կրկնված ստի էֆեկտը։ Ուրիշների մասով քիչ բան կարող եք անել, բայց Ձեր մասով՝ որոշողը դուք եք։