Նախորդ ամիս Թբիլիսիում տեղի ունեցած ադրբեջանցի լրագրող Ա.Մուխթարլիի առևանգման դեպքը լուրջ խնդրի առաջ է կանգնեցրել, թե՛ վրացական և թե՛ ադրբեջանական իխանություններին: Չնայած դրան, վերջինների պարագայում ստեղծված իրավիճակում որոշակի շահի առկայություն ամեն դեպքում գոյություն ունի՝ իրենց համար անցանկալի անձին սեփական ճաղերում պահելու գործոնով պայմանավորված: Վրաստանի պարագայում խնդիրն այլ է, քանի որ դեպքը տեղի է ունեցել այդ երկրի տարածքում, և դա փաստորեն հաստատվել է պաշտոնական Թբիլիսիի կողմից, հակառակ պարագայում, ՆԳՆ-ն գործ չէր հարուցի անձի ՛՛ազատ տեղաշարժը սահմանափակելու՛՛ հոդվածով:


Արդեն շուրջ երկու տարի Թբիլիսիում բնակվող Մուխթարլին, ով հետախուզման մեջ էր գտնվում ադրբեջանցի իրավապահների կողմից, չգիտես ինչու, Բաքվից հնչաց պաշտոնական հայտարարությունների համաձայն, որոշել էր հետ վերադառնալ Ադրբեջան: Փաստն այն է, որ ներկայում նշված լրագրողը գտնվում է ադրբեջանական բանտում, հարուցված է քրեական գործ՝ սահմանն ապօրինի հատելու գործով:


Ադրբեջանում և Վրաստանում կարծիքներ են հնչում, թե հիշյալ առևանգումը կազմակերպվել է վրացի և ադրբեջանցի հատուկ ծառայությունների կողմից. այդ մասին են արտահայտվել ոչ միայն վրացի, այլ նաև ադրբեջանցի պատգամավորներ, այդ թվում նաև՝ իշխանական թևը ներկայացնող:


Միջազգային մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ, եվրոպական որոշ կառույցներ Մուխթարլիի գործի հետ կապված քննադատույթուններ և կոչեր են հնչեցրել՝ Թբիլիսիին և Բաքվին ուղղված: Հատկապես վերոնշյալ հանգամանքը պետք է որ առավել անհանգստացնող լինի Վրաստանի իշխանությունների համար, քանի որ վերջին տարիներին եվրաինտեգրման գործընթացում գրանցած հաջողությունների ճանապարհին նման դեպքերը կարող են ավելորդ գլխացավանք դառնալ Վրաստանի համար՝ վնասելով վերջինիս թե՝ ներքին, և թե՝ արտաքին իմիջին:


Չի բացառվում նաև, որ հիշյալ գործի շուրջ զարգացող իրադարձություններն այնքան խճճվեն, որ ի վերջո առնվազն կարճատև բայց շոշափելի լարվածություն առաջանա վրաց-ադրբեջանական հարաբերություններում, ինչն անշուշտ իր բացասական հետքը կթողնի երկկողմ շփումների դրական դինամիկայի խաթարման տեսանկյունից:

 

Ալիկ Էրոյանց