Չնայած հանրապետության ամենացուրտ շրջանում էր գտնվում գունդը, բայց հրամանատարը, նույնիսկ ամենացուրտ օրերին, առանց զինվորական վերարկուի էր իջնում առավոտյան տողանի: Երբ գնդում ծառայող սպաների ու զինվորների ոսկորների մեջ ցուրտ օդը մտած էր լինում, շտաբի մոտից, որը բավականին բարձր էր շարահրապարակից, մի քանի վարկյան հայացք էր գցում զորքին, այնուհետև՝ կարծես վազվզելով, աստիճաներով իջնում էր դեպի շարահրապարակ: Այդ ընթացքում ամբողջ գունդը արդեն զգաստ սպասում էր հրամանատարի ողջույնին:
- Գունդ, զգա՛ստ,- հրամայում էր շտաբի պետը,- հավասարությունը դեպի ա՛ջ: 
Մի քանի քայլ անելուց հետո շտաբի պետը դիմավորում էր հրամանատարին:
- Պարոն գնդապետ, զորամասը առավոտյան տողանի համար շարված է, գնդի շտաբի պետ փոխգնդապետ Սերոբյան:
Եվս մի քանի քայլ առաջ գալուց հետո, երբ հրամանատարը հայտնվում էր զորքի մեջտեղում, լսվում էր նրա ողջույնը:
- Ողջույն ձեզ, - հստակ ու զինվորականին հատուկ խստությամբ ողջույնում էր հրամանատարը զորքին:
- Ողջույն, պարոն գնդապետ,- հնչում էր զորքի պատասխանը, այս պահին ամեն զինվոր փորձում էր ամենաբարձրը ողջույներ, կարծես հրամանատարը լսելու էր իր ձայնը: 
Սակայն այսօրվա տողանին հրամանատարը չէր շտապում: Սովորականից մի փոքր երկար մնաց շտաբի մոտի աստիճաններին, ավելի երկար ուսումնասիրեց զորքին և գնդի տարածքը: Նախարարությունից տեղափոխման հրաման էր եկել և այսօր պետք է գունդը հանձներ նոր հրամանատարին: 
Արդեն մի քանի տարի ղեկավարում էր այս գունդը, ամեն քարն ու թուփը հարազատ էին: Բոլոր զինվորներին ճանաչում էր, բոլորի ծնողներին դեմքերով գիտեր, շատերին նույնիսկ անունով էր ճանաչում: Արդեն մի քանի սերունդ ընդունել ու ճանապարհել, հազար ու մի տեսակի զինվոր էր ունեցել ու բոլորի կողմից հարգանք էր վայելում: Պետք եղած դեպքում խիստ էր եղել, պետք եղած դեպքում, որպես ավագ ընկեր: Ու հիմա պետք է կեսատ թողեր այս ամենը ու գունդը հանձներ: Սկսեց դանդաղ իջնել աստիճանները: Դեռ շարահրապարակ չհասած արդեն նկատել էր, թե որ զինվորը զգաստ չի կանգնել, որ զինվորն է մյուսի հետ խոսում: Մեկ այլ ժամանակ շարքից կհաներ ու ականջները կձգեր, բայց այս անգամ չտենալու տվեց:
- Գունդ, զգա՛ստ,- հրամայում էր շտաբի պետը,- հավասարությունը դեպի ա՛ջ: 
Վերջին անգամ զեկուցեցին, որ գունդը պատրաստ է առավոտյան տողանին: 
- Ողջույն ձեզ:
- Ողջույն, պարոն գնդապետ, - սովորականից ավելի բարձր ողջունեց զորքը:
Մի քանի րոպե տևեց առավոտյան տողանը ու շտաբի մոտ երևացին կոռպուսի հրամանատարը և նոր գնդի հրամանատարը: Այս անգամ արդեն գնդի հրամանատարը պետք է զեկուցեր: Երբ գեներալը հասավ շարահրապարակին հնչեց հրամանը
- Գունդ, զգա՛ստ,հավասարությունը դեպի ա՛ջ: Պարոն գեներալ, զորամասի անձնակազմը շարված է գնդի հանձման ընդունման արարողության համար, զորամասի հրամանատար գնդապետ Սարգսյան:
Այնուհետև գեներալը մի քանի քայլ առաջ եկավ և ողջունեց զինծառայողներին:
- Ողջույն ձեզ, - գեներալին հատուկ խիստ ձայնով հնչեց ողջունի խոսքը: Հա, գեներալների ձայնի տոնայնությունը տարբերվում է մնացած զինվորականների տոնայնությունից:
- Ողջույն, պարոն գեներալ, - բավական բարձր ու վճռական հնչեց զորքի ողջույնը:
Այնուհետև սկսվեց նոր հրամանատրի ու զինծառայողների ծանոթությունը: Գեներալը ներկայացրեց հրամանատարին, ներկայացրեց գունդը, նրա պատմությունը և այլն: Վերջում բոլորով ՝ գեներալը և երկու հրամանատարները, բարձրացան ամբիոն, որպեսզի ստորաբաժանումները շքերթով անցնեն ու երգեն իրենց ստորաբաժանման երգը իսկ վերջում բոլորով պետք է երգեին գնդի երգը, որպես արարողության վերջաբան և դա կհամարվեր ծանոթության ավարտը: 
Սակայն մի քանի վարկյան անց գնդի, արդեն նախկին, հրամանատարը աննկատ իջավ ամբիոնից: Մեկ գնդում երկու հրամանատար չէր կարող լիներ: Ինքն էլ լավ հասկանում էր, որ ամբիոնում լինելու դեպքում զինվորների ուշադրությունը իր կողմը կլինի, դրանից նոր հրամանատարը կարող է վատ զգա: Երբ զորքը երգով անցնում էր ամբիոնի մոտով, գեներալը խնդրեց, որ նախկին հրամանատարը կրկին բարձրանա իրենց մոտ, սակայն գնդապետը թեթև ժպիտով և ձեռքի շարժումով մերժեց հրավերը:
Զորքը իդեալական կատարեց արարողությունը, որպեսզի հրամանատարը ամոթով չմնա գեներալի մոտ: Այնուհետև գնդի, արդեն նախկին, հրամանատարը մի քանի րոպե շրջեց տարածքում, հետո բարձրացավ շտաբ՝ թղթաբանությունը վերջացնելու: Ժամեր անց գնդապետը արդեն լքել էր գունդը, բայց զինվորները և սպաները արդեն սկսել էին նրան կարոտել: Ասում են, ժամանակի ընթացքում նոր հրամանատարը ևս սկսեց վայելել զորքի հարգանքը, չնայած անհամեմատ ավելի քիչ ղեկավարեց գունդը:



Աշոտ Ասատրյան