Չկա աշխարհում մի կոնֆլիկտ, որն իր բնույթով և պրակտիկ իրավիճակով կնմանվեր արցախյանին: Ըստ այդմ՝ զուգահեռներով էլ վերլուծելը իմաստ չունի: Երբ որ բողոքում եք գողությունից, լավ եք անում, երբ որ առաջարկներ եք անում, էլ ավելի լավ եք անում, երբ այդ առաջարկները խելքին մոտ են, առհասարակ, հրճվում եմ: Բայց մի բան բոլորս պիտի հասկանանք, որ նույնիսկ եթե գողությունը իսպառ վերանա մեր բանակներում, դա Արցախյան հարցը չի լուծի և ուրեմն՝ չի նվազեցնի զոհերի քանակը: Թյուր են այն կարծիքները, որ մենք կարող ենք խաղաղություն պարտադրել Ադրբեջանին: Չկա մարդ, որ կկարողանար ինձ ցույց տալ՝ ոնց է հնարավոր Ադրբեջանի հետ մրցել սպառազինությամբ կամ Ռուսաստանի հետ մրցել աշխարհաքաղաքականությամբ կամ Եվրոպայի հետ մրցել որևէ հարցում... Եթե Հայաստանը միջուկային զենք չունեցավ, մենք զոհեր ենք տալու՝ անկախ կաշառակերությունից: Եթե Հայաստանում չեղավ իզոլյացիոն ու մոբիլիզացիոն քաղաքաքականություն որդեգրելու կամք ունեցող իշխանություն, մենք զոհեր ենք ունենալու:

 

Ճիշտ հասկացեք, նույնիսկ քաղաքական կամք ունենալու դեպքում հարցը չի լուծվելու, պարզապես երկարաժամկետ պարագայում զոհերի թիվը հնարավոր կլինի կրճատել, որովհետև գժերի հետ աշխատում են գործ չունենալ, եթե գիժը միջուկային զենք ունի: Հյուսիսային Կորեան, Պակիստանն ու Իսրայելն իրենց հարցը լուծել են ոչ թե սահմանադրությամբ, այլ զուտ միջուկային զենք «պրաբիտ» անելով: Կարծում եմ, որ ակնհայտ է, որ միջուկային զենք ունենալը կաշառակերության և ժողովրդավարության հետ քիչ կապ ունի: Ավելին, ըստ ամենայնի՝ ռեսուրսներով սուղ և ավտորիտար համակարգով երկիրը դրան ավելի շուտ կհասնի:

 

Չունենք հիմա միջուկային զենք, չունենք իշխանություն, որը կունենար կամք՝ երկրից համակենտրոնացման ճամբար սարքելու ու ստանալու այդ զենքը: Ունենք իր ռեսուրսը սպառած ատոմակայանի միջուկային թափոն: Թափոնը պատկանում է Ռուսաստանին: Ռուսատատանը այդ թափոնը չի կարող տարհանել, քանի դեռ Աբխազիան փակ է: Աբխազիան դեռ ահագին ժամանակ փակ է լինելու: Եթե բացեն էլ, կբացեն միայն թափոնը տարհանելու համար ու հետո նորից կփակեն: Դրա հետ միասին կարելի է հանրապետություն կոչեցյալը փակել...

 

Հիմա ադեկվատ մարդու տեղ ձևացողները կասեն՝ «լավ դե թարգի, էհ, ինչ ես խոսում, ինչ միջուկային թափոն»: Էդ դեպքում ինձ, խնդրում եմ, ասեք, որն ա մահերի բավարար վիճակագրությունը, որը թույլ կտա հանգիստ ապրել։ Շաբաթը քանի՞ զոհն ա նորմալ ձեզ համար: Եթե շաբաթը մեկ զոհը նորմալ ա, ուրեմն՝ իրոք «թարգեմ»: Շաբաթը մեկ զոհը հիմա էլ կարանք ապահովենք, առանց աշխարհաքաղաքական «գիժ» ըլնելու: Բայց մի շաբաթից ավել, ոնց որ չենք ձգում, դուք տեսեք։

 

Հ.Գ. Ես էլ դեմ չէի լինի՝ Իսրայելի նման ԱՄՆ-ի տակ պառկեի ու մի 15 միլիարդ դոլար տարեկան անհատույց ստանայի: Տո դրա կեսի կեսի չափ էլ տային, ինչ ասես, կանեի: Բայց չեն տալիս: Մեկ ու մեջ 8 միլիարդ դոլարի մասին հեքիաթներ յա պատմեն, յա չէ: Էն էլ դաժը Ծառուկյանը դրանից երկու անգամ շատ կարա...

 

Արթուր Դանիելյան