Հատկապես վերջին օրերին աշխարհի տարբեր անկյուններում և մասնավորապես նաև հենց Հայաստանի հարևանությամբ՝ բարեկամ Իրանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո մեզանում ամենաքննարկվող, հայ հասարակությանը, իրավացիորեն, անհանգստացնող թեմաներից մեկը մեր երկրի՝ հնարավոր ահաբեկչական սպառնալիքի թիրախ դառնալու խնդիրն է:

 

Նախևառաջ պետք է նշել, որ ահաբեկչությունը և միջազգային ահաբեկչությունը միջազգային բնույթի հանցագործությունների այն տեսակն է, որը մարդկությանը թևանցուկ կերպով ուղեկցում է դարեր շարունակ, և այս արհավիրքից ապահովագրված չէ Երկիր մոլորակի որևէ պետություն՝ անկախ նրա անվտանգության համակարգի կայացվածության աստիճանից: Տարբեր պատմական ժամանակաշրջաններում ահաբեկչությունը դրսևորվել է տարբեր գաղափարախոսությունների ազդեցությամբ՝ հաճախ նաև բավական վեհ՝ ազգային ազատագրական պայքարից, մինչև ազգային վրեժ, հանուն ազգային ինքնորոշման իրավունքի իրացման և այլն: Միևնույն ժամանակ, հանուն արդարության, պետք է նշել, որ բոլոր ժամանակներում արդարացված, միջազգային իրավունքի սկզբունքներով հիմնավորված թույլի և ուժեղի միջև անհավասար պայքարի դրսևորումները շատ հաճախ քաղաքական շահի ազդեցությամբ որակվել և շարունակվում են գնահատվել որպես ահաբեկչական գործունեություն:

 

Մերօրյա աշխարհում ահաբեկչական գործողությունները սնուցող ամենաազդու գաղափարախոսությունն իսլամական ծայրահեղ արմատականությունն է, որն անգամ ուղղակի առարկայացման(ծայրահեղականների կողմից որոշ տարածքների անմիջական կառավարումը) գործնական հնարավորություն է ստացել ասիական և աֆրիկյան որոշ երկրներում: Այդ երկրներից բացի, այլ վայրերում վերոնշյալ գաղափարների համար պայքարը դրսևորվում է առավելապես լոկալ բնույթի ահաբեկչական հարձակումների միջոցով, որի համար առանցքային պայմանն իսլամադավան բնակչության կամ մուսուլմանական փակ համայնքների առկայության հանգամանքն է. հենց նրանց շրջանում են հիմնականում տարածվում ու արմատավորվում իսլամական ծայրահեղ արմատական գաղափարները: Այս տեսանկյունից Հայաստանը աշխարհի բացառիկ երկրների շարքում է, որտեղ իսլամիստական ահաբեկչական սպառնալիքը գրեթե զրոյական մակարդկում է:

 

Վերոնշյալի համատեքստում, Հայաստանի բացառիկ առավելություններից մեկն այն է, որ այստեղ չկան իսլամական, ծայրահեղ արմատական կառույցներին հարող տարաբնույթ խմբեր, անգամ քաղաքացիներ կամ դրանց գաղափարակիցներ, ինչպես նաև՝ ՀՀ-ն ահաբեկչական կառույցների ո՜չ գաղափարական, ո՜չ ռազմաքաղաքական թիրախների շարքում, վստահաբար, առաջիններից չէ: Բայց իրավացի է նաև այն պնդումը, որ իսլամիստական ահաբեկչությունը հասել է Հայաստանի սահմաններին, մինչդեռ այն շատ վաղուց էր այստեղ և միաժամանակ 2 հարթությունում՝

 

1. Հայաստանի անմիջական հարևան երկրներից 3-ն իսլամադավան են, իսկ մեկում՝ Վրաստանում, կա ստվար մուսուլմանական ազգաբնակչություն: Բոլոր 4 երկրներում էլ առկա են իսլամական ծայրահեղ արմատական գաղափարներով տոգորված անձինք, անգամ խմբավորումներ, որոնք մարտական պրակտիկ գործունեություն են ծավալել, նաև ներկայում շարունակում են մասնակցել հիմնականում Մերձավոր Արևելքում ծավալվող «ջիհադին»:

 

2. Արևելյան հարևան Ադրբեջանի հակահայկական քաղաքականության գործիքակազմում, հատկապես ռազմական տարբեր հարթություններում(խաղաղ բնակավայրերի պարբերաբար ռմբակոծություն, հայ անհատ զինծառայողների նկատմամբ իրականացվող ահաբեկչական հարձակումներ) բազմիցս օգտագործվել է ահաբեկչական գործելաոճը, և այն Բաքվի հակահայկական զինանոցի անբաժանելի բաղադրիչն է: Մինչդեռ իսլամիստական ահաբեկչության սպառնալիքի այս եզակի ուղղության դեմ Հայաստանն ունի դիմադրության ամենավստահելի ու անգերազանցելի միջոցը՝ հայ զինվորի անձնվեր ծառայությունը հայրենիքի անվտանգությանը:

 

Իսկ ընդհանուր առմամբ, Հայաստանը, հանդիսանալով մերօրյա աշխարհի անքակտելի մասը, բնականաբար օտարված չէ այսօրեական գլոբալ հիմնախնդիրներից և սպառնալիքներից: Այս համատեքստում, նաև ամբողջ աշխարհում արդեն մի քանի տարի տիրող համընդհանուր ահաբեկչական աննախադեպ սպառնալիքի պայմաններում իրավասու մարմինների աշխատանքը պետք է կրի իրավիճակից բխող՝ արտակարգ գործելաոճի բնույթ, ընդ որում, ինչպես երկրի ներսում, այնպես էլ այլ երկրների՝ (հատկապես հարևան և տարածաշրջանային) այդօրինակ կառույցների հետ համագործակցության առումով:

 

 

 

 

 

Արմեն Պետրոսյան