Մերձավոր Արևելքում ծավալվող բուռն գործընթացների՝ մասնավորապես ավելի քան մեկ տասնյակ երկրների կողմից (ոչ միայն արաբական) Կատարի դեմ իրականացվող մեկուսացման քաղաքականության պայմաններում Եգիպտոսում կրկին ակտիվացել են Կարմիր ծովում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող Թիրան և Սանաֆիր կղզիները, դրանք փաստացիորեն վերահսկող Սաուդյան Արաբիային հանձնելու երկկողմ համաձայնության իրավական կարգավիճակի վերաբերյալ քննարկումները: Նաև վերջին գործընթացների ազդեցությամբ՝ Կահիրեի և ալ-Ռիադի փոխհարաբերությունների սերտացման ֆոնին եգիպտական իշխանություններն այս անգամ արդեն երկրի խորհրդարանում վեր են հանել կղզիների ճակատագրի հարցը, որը կրկին թեժ բանավեճերի, անգամ ընդհարումների պատճառ է դարձել պատգամավորների միջև:

 

Բանն այն է, որ դեռևս անցյալ տարի Եգիպտոսի նախագահ Աբդ ալ-Ֆաթահ ալ-Սիսիի կառավարությունը հայտարարել էր Սաուդյան Արաբիայի հետ նոր ծովային դեմարկացիոն համաձայնագրի ստորագրման մասին, ըստ որի՝ վերոնշյալ կղզիները հանձնվելու էին ալ-Ռիադի տնօրիմանը (վերջինն այս գործարքի դիմաց եգիպտական կողմին է փոխանցել մի քանի մլրդ դոլար): Սակայն փաստաթղթի իրացումը կասեցվել էր երկրի Բարձրագույն վարչական դատարանի կողմից, ինչն էլ պատճառ էր դարձել երկու երկրների հարաբերություններում որոշակի լարվածության առաջացման, ալ-Ռիադի կողմից պաշտոնական Կահիրեին ցուցաբերվող օժանդակության որոշ ծրագրերի սառեցման և այլն:

 

Հարկ է նշել, որ Կատարի դեմ իրականացվող մեկուսացման քաղաքականությունից հակառակորդ ճամբարում գտնվող արաբական երկրներից տնտեսական առումով ամենից շատ տուժում է հենց Եգիպտոսը, քանի որ Դոհան հանդիսանում է Կահիրեի գազի առանցքային մատակարարներից մեկը, ինչպես նաև՝ արտագնա աշխատանքի համար Կատարում է գտնվում Եգիպտոսի՝ շուրջ 20 հազար քաղաքացի, որոնց վտարումը երկրից հավելյալ բարդություններ կարող է առաջացնել եգիպտական տնտեսության համար: Նման պարագայում Սաուդյան Արաբիայի կողմից հավելյալ տնտեսական աջակցությունը բավական մեծ նշանակություն ունի Կահիրեի համար, իսկ դրա դիմաց անդրկուլիսային ակտիվ բանակցություններում, մեծ հավանականությամբ, սաուդյան կողմը կրկին պնդում է իր կողմից փաստացի վերահսկվող Թիրան և Սանաֆիր կղզիների պատկանելության հարցի վերջնական լուծումը: