Երգիչ, երգահան Ազատ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ասում են՝ «Եղունգ ունես՝ գլուխդ քորիր»...

Ճիշտ են ասում, լավ են ասում, տո լավ էլ անում են, ասում են...
Էն կեսից շատը, որ դրանից չունի, գլուխներն առած սրա-նրա մոտ են վազում, թե՝ հարազատ, բարեկամ, ծանոթ, աղա ու թագավոր ախպեր, անտեր քորն անտանելի է դարձել, գլուխս դեմ տամ, մի հատ բարեկամավարի քորի, էլի՞: 
Սրանք էլ, բա թե՝ էգուց արի, մի շաբաթից, մի երկու ամսից...
Քոր, դու քոր.

էդ ինչ պնդակեղև գլուխ պիտի լինի, որ սրան դիմանա...

Ու էսպես, շարա՜ն-շարա՜ն, քորացավ կպած գլուխներն իրենք-իրենց առած ուղևորվում են...
Մեր եղունգ ունեցող մյուս կեսն առավոտ-լուսո տնից դուրս է գալիս խնամված, քորված գլուխներով, ասես էս կյանքի գլխավոր նպատակը լուծել են, ու դա՝ եղունգն էր...
Ոմանք ասում են՝

«Էս ժողովուրդն ի՜նչ ա լաց լինում, երբ սիթիներում, սրճարաններում ասեղ գցելու տեղ չկա»:
Մի հատ քաղաքի հեռավոր հատվածներ գնացեք, կհասկանաք:

Էս քաղաքի սիթիների, կամ ընդամենը կենտրոնական հատվածի սրճարանների համար չգիտեմ ինչ մարդաքանակ չի պահանջվում, որ դեռ դրանով էլ ժողովուրդ ասվածի սոցիալական իրական պատկերը արձանագրես:
Եղունգ ունեցողների թվաքանակը լիովին բավարար է, որ նշածս վայրերում պատկերն այլ լինի, քան էդ տարածքներից դուրս գտնվող իրականությունն է:

Եվ ի՞նչ.

Ունենք մի իրավիճակ, ուր բոլո՜րը մտածում են՝ ի՞նչ անել: Նույնիսկ նրանք, ովքեր եղունգ ունեն՝ դժվարությամբ, բայց մտածել են սկսել... Որովհետև 
Պարզվում է մի կարևորագույն բացթողում է տեղի ունեցել մեր ազգային՝ ասացվածքային վերլուծական ընկալման մեջ. 
առաջնահերթությունը՝ եղունգին ու քորին տալով, մենք անտեսել ենք գլուխը... 
Իսկ գլուխն էս իրավիճակում պարտավոր էր հուշել, թե ինչ հետևանքների կարող է բերել նյարդեր սղոցող երկարատև քորը...
Մնաց մի ասացվածք էլ հիշեմ, որում իհարկե նշանակությունը եղունգին վերապահված չէ.
ասում է՝

«Աչքիս՝ քո գլուխը քոր ա գալիս»...
Ա.Ա.»