Ու մինչ հայկական ֆեյսբուքը Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքն է ըմբոշխնում, աշխարհում հերթական դրամատիկ զարգացումներն են գրանցվում։ Ընդ որում՝ խոսքը անգամ լոնդոնյան ահաբեկչությունների մասին չէ։ Անսպասելիորեն խոշոր պառակտում է գրանցվել Սուննիական աշխարհում․ Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին հայտարարել են միանգամից 4 պետություն՝ Բահրեյնը, Սաության Արաբիան, ԱՄԷ-ն ու Եգիպտոսը։

 

Ֆորմալ պատճառաբանությունը՝ ահաբեկչական կազմակերպություններին աջակցությունն է, ինչպես նաև Բահրեյնի ներքին հարցերին միջամտելու ու երկրի տարածքում անկարգություններ ու ապակայունացում հրահրելու համար։ Սա իհարկե ճիշտ է ու Կաթարն, ինչ խոսք, մեղավոր է նկարագրված մեղքերում, բայց հարցը դա չէ, այլ այն, թե ինչու հենց հիմա որոշեցին նկատել դա ու առավել ևս՝ գնալ այդպիսի ծայրահեղ քայլերի, որոնք ոչ միայն դիվանագիտական հարաբերությունների խզում են, այլև օդային ու ծովային հաղորդակցության կասեցում։ Ի վերջո, նույն Սաուդյան Արաբիան Կաթարից հետ չի մնում ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսավորման, հարևան երկրների ներքին գործերին միջամտելու և այլ մեղքերի մեջ։

 

Իրականում, Կաթարին ուրիշ բանի համար են պատժում՝ Իրանի հետ մերձանալու փորձերի։ Թե չէ սուննիական աշխարհում ե՞րբ էին ահաբեկչության ֆինանսավորումը վատ բան համարել։ Էլ չասեմ՝ տարբեր երկրների սուվերեն գործերին խառնվելը։ Իսկ այ Շիայական աշխարհի առաջամարտիկի հետ բզբզալը սարսափելի հարամ բան է։ Հատկապես՝ սաուդցիների աչքերում։


Բանն այն է, որ օրեր առաջ Կաթարի հեռուստատեսությամբ հեռարձակվել է աթարի էմիրի ուղղերձը, որտեղ վերջինս ռևերանսներ է արել Իրանի հասցեին ու խոսել համագործակցության մասին։ Ճիշտ է, հարանների կտրուկ դեմարշից հետո Կաթարում շտապել են հայտարարել, որ դա իրականում հաքերների սարքած գործն է եղել ու էմիրը ոչ մի ուղերձ էլ չի ուղղել Իրանին, բայց կարծես հարևանները այդքան էլ հակված չեն հավատալու դրան։ Իսկ Կաթարի պես փոքրիկ պետության համար նման առճակատումը կարող է որոշիչ լինել,, որովհետև նրանց բարեկեցությունը ամբողջովին կախված է բարիդրացիական հարաբերություններից։

 

Մի խոսքով, խառն են մահմեդական աշխարհում ու եթե ԱՄՆ-ը չկարողանա հաշտեցնել իր սուննի բանդերլոգներին, Թրամփի վերջին հաջողությունները փոզմիշ կարող են լինել։ Մնում է հասկանալ, թե այս զարգացումներում ինչ դիրքորոշում կբռնի Իրանը ու որ ամենաինտրիգայինն է՝ արդյո՞ք ռուսների մատը խառը չէր այս ամենում։

 

Կոնստանտին Տեր-Նակալյան