ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երևույթ, որ ջերմացրեց շատերի հոգիները

Ուղիղ մեկ ամիս առաջ անկախ Հայաստանում առաջին անգամ հնգյակ լույս աշխարհ եկավ։ Երևույթ, որ ոգեշնչեց շատերին, ջերմացրեց մարդկանց հոգիները։ Գուցե դրա ակունքները շատ խորն են ու ավելի քան հարյուր տարվա պատմություն ունեն։

Ցավոք, հնգյակից երեքի անհասությունն այնքան խորն էր, որ մեր լավագույն մասնագետների մշտական ուշադրությունն ու հոգածությունը, ԱՄՆ­-ի և ՌԴ­-ի գործընկերների խորհրդատվություններն ի զորու չեղան փրկելու նրանց կյանքը։

Իսկ փոքրիկ Աննան և Ռոզին այսօր դարձան մեկ ամսական։ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը մի առանձնահատուկ ջերմությամբ է խնամում և բուժում պստլիկ անվանակցին։ Փոքրիկն արդեն կշռում է 1070գր, կերակրվում է զոնդով, շնչում քթային դիմակով։ Աննային վաղուց արդեն լողացնում են։

Նույն հոգատարությամբ է շրջապատված Մոր և մանկան առողջության գիտահետազոտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող Ռոզին։ ՀՀ ԱՆ գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանյանի ղեկավարությամբ ողջ անձնակազմը բուժում և խնամում է աղջնակին, ով նույնպես անհրաժեշտ 200 գրամով քաշն ավելացրել է։

Մաղթենք փոքրիկներին առողջություն։ Աստծո կամոք թող հաղթահարեն բոլոր խոչընդոտները...»: