Ադրբեջանում վերջին տարիներին հատկապես միջազգային կառույցների հետ աշխատող և իրենց հովանավորչությունը չվայելող հասարակական կազմակերպությունների համատարած մաքրազատումից հետո ալիևյան վարչակարգն այդ ոլորտում ողջ ներուժն ուղղեց իրենց պատկերացումներով աննախադեպ ու մեծ հեռանկարներ խոստացող այսպես կոչված «խաղաղության պլատֆորմի» ստեղծմանն ու կենսունակության ապահովմանը: Նպատակը բացի քարոզչական, հոգեբանական ներգործությունից նաև, ինչն ըստ իս ավելի կարևոր էր, միջազգային դաշտում հարթակ ապահովելն ու դրա՝ այսպես ասած լեգիտիմացումն էր: Ալիևյան քարոզչամեքենան ողջ ներուժով լծված էր դրա կենսագործունեության ապահովմանը, ինչը, սակայն, չնայած ներդրված մեծ ռեսուրսներին ու վերին օղակների էյֆորիային, կարճ կյանք ունեցավ և ձախողվեց: 
Այլևս այն տապալված է իր քարոզչական, հոգեբանական ու արտաքին քաղաքական նպատակների առումներով: Միջազգային հարթակներում այն ամրագրելու քայլերը ոչ միայն սպասված արդյունքը չտվեցին, այլև հիմա ալիևյան վարչակարգի «գաղտնի օպերացիայի» ձախողման, մի շարք բացահայտումներից հետո միջազգային դաշտում վարչակարգի վարկաբեկման նոր հարթակ է ստեղծվում: Միջազգային կառույցները պետք է որ անելիքներ ունենան և անհրաժեշտ հետևություններ անեն: Պլատֆորմի ամենաբարձր օղակի կնքահայրերը և այդ երկրի հատուկ ծառայություններն արդեն իսկ դժվարին ֆիասկո են ապրում իրենց իսկ հասարակության կողմից ստացվող սուր քննադատությունների, ինչպես նաև ձախողումների ու բացահայտումների մասով ներկայիս բարձրաձայնումների պատճառով: Վահան Մարտիրոսյանի վերջին տեսաուղերձից հետո էլ ավելի ակնհայտ դարձավ այդ երկրի պետական համապատասխան կառույցների փնթի ու կացնային գործելաոճը, իսկ Ալիևի կողմից հրամցված սենսացիոն նախաձեռնությունը շուռ է գալիս իրենց իսկ դեմ՝ դառնալով ներքին հաշվեհարդարների ու միջազգային վարկաբեկման հարթակ:


Լևոն Հովսեփյան