Գիմնազիայի մեծ սրահում շարված էին երկար սեղաններ՝ առանց սփռոցի:

Սեղանների վրա՝ պնակների մեջ դրված էր հյուրասիրությունը՝ խաշած կարմիր լոբի, փոքրիկ կտոր պանիր, մի քանի չոր ծիրան, մի քանի հատ չամիչ ու էլ չգիտեմ ինչ, մի հատ հաց գարու ալյուրից և կապույտ բաժակով թեյի նման մի բան:

Անկարելի էր առանց հուզումի դիտել, երբ սկսեցին շարքերով ներս մտնել որբերը՝ 5-6 տարեկանից սկսած մինչև 15-16 տարեկան տղաներ ու աղջիկներ: Բոլորը հագնված էին միաձև՝ պետական ջուլհականոցների պատրաստած բանբակե գորշ ու կոպիտ կտորից:

Նիհար, ոսկոր ու կաշի, խոշոր զարմացած աչքերով, կարծես մյուս աշխարհից իջած ստվերներ, անշշուկ մտնում էին ներս ու լուռ նստում ցույց տրված տեղը՝ ոչինչ չարտահայտող հայացքները ուղղված սեղանի ուտելիքին:

Աղոթքից հետո ամբողջ ընթրիքը անցավ անաղմուկ: Կարող ե՞ս երևակայել մի քանի հարյուր երեխաներ սեղանների շուրջ՝ առանց ձայն ու ծպտուն հանելու…

Ընթրիքից հետո Քաջազնունին փորձեց մի քանի խոսք ասել երեխաներին և հազիվ մի քանի բառ արտասանած՝ դադար տվեց ու սկսեց հեծկլտալ երեխայի նման: Ցնցող էր տպավորությունը: Ծերունի վարչապետը լալիս էր առանց խոսել կարողանալու, և հարյուրավոր մանկական աչքեր նայում էին անկարեկից, անորոշ հայացքով…

Կոբոյանին գրված նամակ, Երևան, 8 հունվար, 1919

 

Արմեն Մկրտչյան