ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատանը մայիսի 26-ին Հանրապետության տոնի կապակցությամբ տեղի ունեցած ընդունելությանը մասնակցող ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը պատասխանելով ադրբեջանցի լրագրողներից մեկի հարցին, թե ու՞մ է պաշտպանելու ՌԴ-ն ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրինի պաշտոնի հավակնորդներից, ասել է. «Ռուսաստանը պաշտպանում է Փոլադ Բյուլ-Բյուլ օղլիի թեկնածությունը: Նա անեմա արժանի հավակնորդներից մեկն է այդ պաշտոնին»:

 


Դե ինչ: Տեղի ունեցավ այն, ինչին բոլորս էլ սպասում էինք: Մեր ռազմավարական գործընկերը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստանի կարծիքը շատ հարցերում նրան բացարձակ չի էլ հետաքրքրում, այն դեպքում, երբ ՄԱԿ-ում կամ այլ կազմակերպություններում տեղի ունեցած քվեարկությունների ժամանակ նույն Հայաստանը դեմ գնալով գրեթե ողջ համաշխարհային հանրությանը դեմ էր քվեարկում հակառուսական բանաձևերին: Հիմա էլ պարզվում է, որ մեր ռազմավարական գործըներոջ համար ամենաընդունելի թեկնածուն ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրենի պաշտոնում մի երկրի ներկայացուցիչ է, որին կտրականապես դեմ ենք մենք: Երևի Կրեմլին շատ դուր է եկել Բյուլ-Բյուլ օղլիի անգլերենի չիմացությունը, բայց Պուտինի համար ամենակարևորն այն է, որ նա հիանալի տիրապետում է «великий и могучий»-ին:

 


Պաշտոնական Երևանն այս պարագայում պետք է տարրական անտեսի իր ռազմավարական գործընկերոջ կարծիքն այս հարցում և պետք է շատ ակտիվ առաջ տանի Փոլադ Բյուլ-Բյուլ օղլիի հակաքարոզը: Իսկ միջազգային հանրությանը նույն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնից շատ բան կա ներկայացնելու նույն խոհրդային գլխավոր «կլկլացնողի» ակտիվ հակամշակութային գործունեության մասին: Չմոռանաք, որ սույն սուբյեկտը 1988-2005 թթ-ին՝ 17 տարի, զբաղեցրել է Ադրբեջանի մշակույթի նախարարի պաշտոնը: Փոլադ Բյուլ-Բյուլ օղլիի Ադրբեջանին մատուցած ամենակարևոր և անգնահատելի ծառայություններից մեկը՝ Ջուղայի խաչքարերի ոչնչացումն էր: Հենց այս արարածը, ով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնից մեծ խոստումներ էր տալիս միջազգային մշակութասեր հանրությանը, իր յուրօրինակ ավանդն ունեցավ այդ խաչքարերի դամբարանադաշտի ոչնչացման գործում:

 

Հենց նրա մշակույթի նախախար եղած ժամանակ՝ 2002-2203 թթ-ին մեծ թափով վերսկսվեց խաչքարերի ավերումը, որն ավարտվեց 2006-ին: Հայկական գերեզմանոցի տեղում ազերիները կառուցեցին ռազմական պոլիգոն: Հենց սույն կեղծարարն էր Արցախում գտնվող հայկական եկեղեցիները անվանում աղվանական՝ փորձելով այլասերել պատմությունը: Սա ընդամենը երկու օրինակ է, թե ինչպես էր ժամանակին սույն ազերի երգիչ-դիվանագետը կեղծում այլ ժողովրդի մշակութային ժառանգությունը: Ի դեպ, ադրբեջանական պատմագրության մեջ Ջուղայի խաչքարերը ևս անվանում են աղվանական: Սակայն նույն Բյուլ-Բյուլ օղլին և նրա ազգակիցները չեն բացատրում, թե ինչու՞ աղվանների, որոնց ազերիներն իրենց նախնիներն են անվանում, մշակութային ժառանգությունն այդպես ջանադրաբար ոչնչացրեցին: Հավելեմ, որ նույն Փոլադ Բյուլ-Բյուլ օղլիի Ադրբեջանի մշակույթի նախարար եղած ժամանակ մասսայաբար կեղծվեցին և սեփականաշնորհվեցին ազերիների կողմից կովկասաբնակ այլ տեղացի ժողովուրդների մշակութային ժառանգությունները ևս: Ամենաշատը հայերից հետո տուժել են լեզգիները, պարսիկները, թալիշները և այլն:

 


Երևանը շատ լուրջ պետք է պայքարի Բյուլ-Բյուլ օղլիի թեկնածության դեմ: Այս պարագայում մեր ազգային շահերը վեր են Կրեմլի ցանկաություններից:
Այլ ազգերի մշակութային ժառանգության նկատմամբ ցեղասպանություն գործած Փոլադ Բյուլ-Բյուլ օղլին վերջին մարդն է, ով կարող է զբաղեցնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը:
Հ.Գ.Հուսով եմ, որ Մոսկվայի կողմից ազերի-թուրք Փոլադ Բյուլ-Բյուլ օղլիի թեկնածության պաշտպանությունը մեծ վնաս է հասցնելու հենց նույն Բյուլ-Բյուլ օղլիին: Միջազգային մեկուսացման մեջ գտնվող Մոսկվայի կողմից պաշտպանվող թեկնածուն կանտեսվի գրեթե բոլորի կողմից: