Սովորությունը սիրուց քաղցր է 


Երթուղայինի վարորդի կողքն եմ նստում: Գրեթե ամեն օր: «Կանեցում» նստում եմ, ու համարյա մինչև վերջ գնում եմ: Երթուղայինում մի տեսակ շատ հետաքրքիր ա: Հոտերը հանում ենք, չենք նայում հետևում տիրող մարդկային խցանումը, սկսում ենք ուսումնասիրել մարդուն՝ վարորդին:
Վարորդն ասաց. «Ես որ մեկին 1000 դրամ պտի տամ, 900 եմ տալիս»: Ես էլ միամիտ հարցրի, ինչի՞: «Խասյաթ ա: 100 դրամ ստանում եմ»: Այլանդակ ու վարակիչ քրքջում եմ: Ու ասում. Բայց տենց չի լինի:


Վրա բերեց թե. «Են էլ ոնց կլինի: Երեխեն հազար դրամ ա ուզում, 900 եմ տալիս»:
Հարկայինը հանում ես էլի,-վրա եմ բերում ես: Ինքն էլ թե. «Չէ, իմ 100 դրամն եմ ստանում: Գիտես, բնավորություն ա դարձել»: Ու էդ բնավորության վրա, արդեն աջ կողքիս հայրենակիցը ավելացրեց. «Սովորույթը սիրուց քաղցր ա»:


Աչքերս չռվում են: Գրողը տանի, ախր վաղուց ես հենց այս խոսքերն էի փնտրում, ու ոչ մի գրքում չկար: Ախր ոչ մի խելոք դեռ նման բան չէր ասել: «Սովորույթը սիրուց քաղցր ա»:
Հայրենակից, ասում եմ,-գուցե սերն ինքը սովորույթ է: Հայրենակիցը ուշադիր նայում ա ինձ ու. «Երբ սերդ սովորույթ ա դառնում, իմացի աշխարհի տերն ես բալես: Երջանիկ ես»:

 


Էլի չռվում են աչքերս: Էս խոսքերն էլ էի փնտրել: Մտքումս մտածում եմ, ով է այս հայրենակիցը, որ ասում է բառեր, որ ոչ մի տեղ գրված չի: Ասում է թե սովորույթը սիրուց քաղցր է, ու երբ սերդ սովորույթ է դառնում, դու երջանիկ ես: Հիմար ու բարի ժպիտով նայում եմ խնամած հայրենակցին, որը այդ պահին մեկնում է վարորդի մասնաբաժին 100 դրամն ու հրահանգում կանգառում կանգնեցնել հուսահատության գազելը:


Վարորդն էլ չի զլանում… Նայում է հայլու մեջ ու գոռում. «Առաջացեք մարդիկ նստեն»: Մտածում եմ, էդ խոսքերն էլ է սովորույթ, որ տենց քաղցր-քաղցր ասում ա: Ամեն կանգառ ասում ա. «Առաջացեք թող նստեն»: Չի ասում առաջացեք, թող խցկվեն: Տենց մի տեսակ տգեղ կլինի: Սովորել ա, որ պետք ա խցկվելուն նստել ասի…

 

Հարություն Մկրտչյան