Եթե ՀՀ քաղաքացին ուզում է հաջողությունների հասնի, պահպանի իր քաղաքակիրթ նախնիների ավանդույթները, լավագույն սովորույթները, ապա նա պարտավոր է.
-Լինել խաբեբա, խարդախ, սուտասան: Խաբել բոլորին՝ նույնիսկ ընկերներին, բարեկամներին, հարազատներին:
-Լինել խառնակիչ, «մուտիլովչիկ», «բոչկա գլորող», քցող:
-Վատաբանել, փնովել, պախարակել հաջողության հասնող ընկերներին, փորել ղեկավարների տակը, վատաբանել, անպայման փորձել հանել տալ և ստանալ նրա պաշտոնը:
-Ուտել, խմել, քեֆ անել միայն ու միայն ուրիշների հաշվին, հնարավորինս խուսափել ծախսերից: Բայց բոլորի մոտ գովազդել իր աղայությունը, առատաձեռնությունը, հյուրասիրությունը:
-Աղբով լիքը տոպրակները, ծխախոտի տուփերը, մնացուկները, պլաստիկե շշերը, բաժակները, զանազան այլ մնացուկները նետել ուր պատահի, որտեղ պատահի: Ցանկալի է բանուկ փողոցները, մարդաշատ վայրերը, պատմական հուշարձանները, վերելակները, աստիճանահարթակները:
-Անպայման կեսգիշերից հետո հրավառություն տալ՝ թեկուզ ժամը 02.00-03-ին՝ հզոր, ճոխ, ազդեցիկ, ցնցող:
-Մեքենաները վարել առանց կանոնների պահպանման, առանց լուսաթարթիչների: Անընդհատ փոխել ուղղությունը, դուրս գալ հանդիպակաց գոտի՝ մի երկու հիշոց ու մուննաթ ուղարկել դիմացից եկողներին: Շարված «հարիֆներին» արհամարհելով, փորձել մտնել արանքները՝ հենց խաչմերուկին մոտ, վերջին վայրկյանին:
-Այնպես անել, որ հասցեն, կոշիկի, հեռախոսի, ավտոմեքենաների համարները համընկնեն ու դա անընդհատ՝ պատեհ-անպատեհ շեշտել:
-Անկախ նրանից ճանաչում են քեզ, թե ոչ գնալ ղեկավարների, հայտնի մարդկանց, հեղինակությունների հարազատների հոգեհանգստին ու թաղումներին, որպեսզի տեսնեն քեզ այնտեղ և փորձես հարցեր լուծել:
-Բնակարանները վերանորոգելիս խառնել ամեն ինչ, առաջ տալ, հետ տալ, պատշգամբները փակել, տանիքները գրավել:
-Լինել «լարախաղաց», օժտված թռնելու և կողմնորոշվելու, «քաղաքական» հայացքները արագ փոխելու մեծ ունակությամբ: Միշտ հարմար պահի՝ տզրուկի, պարազիտի նման կպնել որևէ քաղաքական ուժի հետույքին:
-Մի բան ասել՝ այլ բան կատարել, մի բան խոստանալ՝ այլ բան անել կամ չանել:


Ռոբերտ Մելքոնյան