Ինդոնեզիայում հոմոսեքսուալ հարաբերություններ ունեցող երկու տղամարդ հրապարակավ մտրակի հարվածների են ենթարկվել: Պատժվածների անունները հայտնի չեն: Ինչպես հաղորդում է korrespondent.net-ը, նրանցից մեկը 20 տարեկան է, մյուսը՝ 23:

Տղամարդիկ ձերբակալվել էին այն բանից հետո, երբ բարոյականության հարցերով ոստիկանները, առանց թույլտվության ներխուժելով տուն, նրանց միասին հայտնաբերել են անկողնում:

Միասեռականությունը անօրինական չի համարվում Ինոնդեզիայի ամբողջ տարածքում, բացառություն է կազմում Աչեհ նահանգը, որտեղ մարդիկ ապրում եմ իսլամական օրենքներով: Այս նահանգի համար սա առաջին հրապարակավ մտրակահարումն է հոմոսեքսուալ հարաբերությունների համար:

Տղամարդկանց պատժին հետևել են մեծ թվով մարդիկ, ոմանք պահանջել են ավելի ուժեղ հարվածել:

Մայիսի 22-ին Ինդոնեզիայի ոստիկանությունը հայտարարել էր 140 մարդու ձերբակալության մասին Ջակարտայում շոգեբաղնիքում տեղի ունեցած ռեյդից հետո, որտեղ գեյ-երեկույթ էր տեղի ունեցել: