Երեկ տեղի ունեցավ իշխող Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ) 3-րդ արտահերթ կոնգրեսը։ Դրա ժամանակ երկրի նախագահ Ռ.Թ. Էրդողանը ընտրվեց կուսակցության նախագահ։ Հակիրճ ներկայացնեմ, թե ինչ է սա նշանակում և ինչ հետևանքներ կարող են լինել.

 

✎ Էրդողանը այժմ դե յուրե վերահսկում է Թուրքիայի ամենաազդեցիկ և խոշորագույն քաղաքական ուժը։ Թեև դե ֆակտո նա մշտապես ունեցել է կուսակցության վրա ազդելու լծակները, սակայն այժմ նա հնարավորություն է ստանում անարգել և միանգամայն օրինական միջամտել կուսակցական կյանքին։

 


✎ ԱԶԿ իր ստեղծման պահին ուներ մի քանի ընդգծված առաջնորդներ և Էրդողանը դրանցից միայն մեկն էր՝ Ա. Գյուլի, Բ. Առինչի և այլոց կողքին։ Այժմ, փաստացի, կուսակցությունը վերածվել է մեկ մարդու կուսակցության՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Կուսակցության ներսում այլևս չկա բազմակարծություն և բոլոր որոշումները ընդունվում են մեկ մարդու կողմից։ Կուսակցությունը սպասարկելու է նախագահին և չի լինելու ինքնուրույն ուժ։ Այսպիսով, ԱԶԿ դառնում է տիպիկ մերձավորարևելյան քաղաքական միավորում, ինչպիսիք մենք տեսել ենք Եգիպտոսում, Իրաքում, Սիրիայում, Ադրբեջանում։

 


✎ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիայում արդեն մի քանի ամիս գործող Արտակարգ դրությունը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև «երկիրը չհասնի բարօրության և խաղաղության»։ Արտակարգ իրավիճակի պայմաններում նախագահը և կառավարությունը իրավունք ունեն որոշումներ ընդունել՝ առանց խորհրդարանի և սահմանադրական դատարանի հաստատման։

 


✎ Էրդողանը շարունակում է հասարակական լարվածություն մտցնել՝ իր հակագյուլենական և հակաահաբեկչական հռետորաբանությամբ։ Երեկվա ելույթի ժամանակ նա կոչ արեց ժողովրդին հայտնել ոստիկանությանը, եթե իրենց որդիները, ծնողները կամ էլ ընկերները կապեր ունեն գյուլենական շարժման հետ։ Սա շատ նման է սովետական «донос»-ի մեխանիզմին։

 


✎ Կուսակցության կանոնադրության մեջ մտցվեց նոր կարգախոսը՝ «Մեկ ազգ, մեկ դրոշ, մեկ հայրենիք, մեկ պետություն»։ Ըստ Էրդողանի բնորոշման՝ սա իրենց նոր ռաբիան է (ռաբիան իսլամական միասնականության խորհրդանիշներից է, որ ծագել է մուսուլման եղբայրների շնորհիվ)։

 


✎ Շատ կարևոր է, կուսակցության կոնգրեսին չէր մասնակցում ԱԶԿ հիմնադիրներից երկրի նախորդ նախագահ Ա. Գյուլը։ Գյուլը այժմ համարվում է Էրդողանի դեմ 2019թ. ընտրությունների ամենահավանական թեկնածուներից մեկը, թեև որևէ պաշտոնական խոսք այդ մասին չկա։ Նրա չմասնակցելը կոնգրեսին կարող է անուղղակի ազդարարել, որ Գյուլը սկսում է իր քարոզարշավը։