Շահե՞լ է համաշխարհային ֆուտբոլը, թե՞ ոչ: Հարց է, որին փորձում են պատասխանել բոլորը՝ մասնագետից մինչև շարքային երկրպագու: Իսկ ինչի՞ց շահի համաշխարհային ֆուտբոլը, եթե լավագույնին ընտրելիս չկա այլընտրանք ընդամենը երկու ֆուտբոլիստներին: Ժամանակին այնքան ուժեղ ֆուտբոլիստներ կային, որ ընտրություն կատարելը չափազանց բարդ էր: Հենց դա կարելի էր ֆուտբոլ համարել: Եկող սերնդի համար, ցավոք, գոյություն ունեն և առայժմ ունենալու են միայն երկու ֆուտբոլիստ՝ Ռոնալդու և Մեսսի: Սա նույնն է, որ տարիներ շարունակ Հայաստանում իշխանության ղեկին տեսնում ենք ընդամենը մեկ կուսակցության... Հետաքրքրությունն ու նորը անհետանում են:

 

Համաձայն եմ, որ բոլորս էլ կարող ենք ֆուտբոլային տեսանկյունից մեզ բախտավոր համարել, որ տեսնում ենք Մեսսիի և Ռոնալդուի խաղը: Սակայն վստահ եմ, որ կրկնակի բախտավոր է մեր սերունդը, որը տեսել է նաև ֆուտբոլային այլ հսկաների խաղը: Հիմա եթե հարցնենք պատանի և երիտասարդ ցանկացած ֆուտբոլասերի, խնդրենք նրանց, որպեսզի նշեն ուժեղագույն 10 ֆուտբոլիստների անուններ, ապա ֆուտբոլասերը դա կանի մեծ դժվարությամբ: Մեր դեպքում այլ էր, քանի որ կարելի էր օրերով թվարկել այն ֆուտբոլիստների անունները, ովքեր տոն էին տալիս համաշխարհային ֆուտբոլում:

 

Ո՞վ կարող է մոռանալ, օրինակ, Յապ Ստամին կամ Ալեսսանդրո Նեստային, կամ Պատրիկ Կլյուվերտին, կամ Գեորգե Հաջիին, կամ Դենիս Բերգկամպին, կամ Ալան Շիրերին... Համաձայնեք, որ ինքներդ կարող եք շարունակել այս շարքը և դա անել ամիսներով: Սա էր ֆուտբոլը: Ներկայիս ֆուտբոլը անհամեմատ զիջում է: Մեծ ցանկություն ունեմ, որ կրկին գան ժամանակներ, երբ լավագույնին ընտրելը նույնքան դժվար կլինի, ինչպես եղել է տարիներ առաջ: Այդ ժամանակ կարելի է հանգիստ խղճով արձանագրել, որ մենք ֆուտբոլ ենք նայում... Զիդան, Ֆիգու, Դել Պիեռո, Բեքհեմ, Ռաուլ, Ռոմարիո, Ռոնալդինյո, Ստոիչկով, Կանտոնա, Պֆաֆ ու այսպես շարունակ, ականջներդ կանչի...