Այսօր BlogNews-ի ընթերցողներից մեկը խմբագրությանն է տրամադրել մի տեսանյութ՝ կից գրությամբ, որը վերաբերում է «Դիրքերում» հաղորդաշարի՝ վերջերս առաջնագծում հրազենային վիրավորում ստացած օպերատոր Դավիթ Աթոյանին: Տեսանյութն ու կից գրությունը ձեզ ենք ներկայացնում առանց խմբագրման.

«Բարև ձեզ, ես այս տեսանյութը ուղարկում եմ, որպեսզի դնեք ձեր կայքում և տարածեք այն, և բոլորն իմանան, թե ով է իրականում այս օրերին իսկական հերոսի կերպարում հայտնված «Դիրքերում» հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանը: Եթե կհիշեք՝ մի քանի շաբաթ առաջ Դավթաշենի կամրջից մի տղամարդ էր փորձում իրեն գցել, մամուլում էլ այդ մասին հրապարակումներ եղան: Ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ այս դիմակով տղամարդը հենց նույն Դավիթ Աթոյանն է, ով այս քայլով փորձում էր հետ վերադարձնել ժամանակավոր ապաստարանում իրենից թաքնվող հղի կնոջն ու երեխաներին, որոնց այդ ապաստարանում տեղավորել են Դավիթի կողմից պարերաբար դաժան ծեծ ու ջարդից փրկելու համար: Տեղեկացնում եմ, որ Դավիթի ոչ ադեկվատ վարքը վաղուց արդեն գաղտնիք չէ նրան ճանաչողների համար: Նա խմում է, ջարդուփշուր անում ոչ միայն կնոջը, այլ նաև ծնողներին: Այս ընտանեկան սարսափելի պատմությանն է վերջերս անդրադարձել նաև «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդումը, որի թողարկումը դեռ չի ցուցադրվել: Եթե ուշադիր լինեք, ապա այս տեսանյութի մեջ հստակ կլսեք, թե ինչպես է Դավիթը պահանջում նկարահանումների տեսագրությունները վերացնել ու եթեր չտալ իր ընտանիքի պատմությունը: Ես ուղղակի ուզում եմ, որ մարդիկ տեսնեն, թե ում են այսօր հերոսացնում, ու նաև ուզում եմ, որ պատկան մարմինները զբաղվեն այն հարցով, թե վերջիվերջո, ում են թույլատրում հասնել առաջնագիծ: Որքանո՞վ է նպատակահարմար, որ մարդը, ով հարբեցող է ու ծեծում է իր հղի կնոջը, իր մորն ու հորը, լինի դիրքերում, ու դա այն պարագայում, երբ դեռ մի քանի օր առաջ ինքնասպանությամբ շանտաժ էր անում։ Այսքանից հետո նման կերպարը ինչպե՞ս է հետո դիրքերում հայտնվում, որ դեռ մի հատ էլ վիրավորվի: Սա շատ մտահոգիչ է»։

 

Նշենք, որ BlogNews-ը կապ հաստատեց «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հեղինակ և վարող Հրաչ Մուրադյանի հետ, ով, սակայն, կտրականապես հրաժարվեց այս առնչությամբ որևէ մեկնաբանություն տալ: