ՊՆ-ի, իսկ առավել հաճախ ՊԲ-ի պաշտոնական հաղորդագրությունները գրեթե միշտ հագեցած են դեռ խորհրդային նմուշի ռազմահայրենասիրական պաթոսով, ինչը գուցե ունի իր օգտավետությունը ու տրամաբանաան կողմերը, բայց ունի նաև բացասական կողմեր, որոնցից ամեաակնառուն՝ հանրության մոտ գերադրական ակնկալիքները հրահրելն ու հետո դրանք չարդարացնելն է։

Հենց վերջին օրինակով փորձեմ բացատրել։ Ադրբեջանը իսրայելական Սփայք կառավարվող հրթիռով խոցում է ՊԲ-ին պատկանող զինտեխնիկա։ Ասում են՝ Օսա ՀՕՊ համակարգի լիցքավորման կայանը ու ասում են՝ մի քանի անգամ ծուռ խփելուց հետո։ Հետևում է պաշտպանական գերատեսչությունների արձագանքները, որոնցից առավել ակնառու է ՊԲ-ինը։ Դրանում, ի թիվս այլ բաների, ասվում է՝ դե դուք ձեր հալը կտեսնեք հեսա ու ձեր վրա զգաք հայ զինվորի ուժը։ Ըստ իս՝ լիրիկական զեղումը մի քիչ շատ է բանակի արձագանքի համար։ Օրինակ Պենտագոնի ու անգամ Ռուսաստանի բանակի պաշտոնական հաղորդագրություններում երբեք նման պոետիկ տարրեր չեք գտնի։ Ինչևէ, հարցը դրանում չէ։ Ի՞նչ է կատարվում հետո։

Ֆեյսբուքահայության տարբեր շերտեր՝ խոմյաչոկներից բռնած, բավականին գրագետ ու սառնասիրտ մասսայով վերջացած, նստած սպասում են հայու գենի հաղթանակին։ Սպասում-սպասում են ու որպես կանոն՝ ոչինչ չի լինում։ Ավելի շուտ՝ լինում է․ մի երկու օր հետո Ադրբեջանը նորից հարամություն է անում սահմանին ու հետևում է հերթական լիրիկական հաղորդագրությունը, որ այ հիմա հաստատ ձեր հալը կտեսնեք։ Եթե անգամ ինչ-որ բան ձեռնարկվում է, ապա դա համաչափ չի լինում։ Այսինքն՝ ոչ մեր օգտին, էլի։ Հիմա քննարկվող օրինակի կոնտեքստում, համաչափությունը կնշանակի, որ մենք Ադրբեջանի պատկանող տեխնիկա խոսեցք, իսկ մեր օգտին անհամաչափ գործողությունը ենթադրում է, որ մի քանի տեխնիկա է պետք խոցել։

Հարցի մյուս կողմն էլ կա։ Հատկապես «խոմյաչոկների» կոնտինգենտը հակված է լուծումներ պահանջելու հենց հիմա ու հենց այստեղ՝ առանց հաշվի նստելու հետագա հետևանքների ու զարգացումների հետ։ Ու պաթոսային աձագանքները պաշտպանական գեատեսչությունների կողմից հագուրդ են տալիս հենց այսպիսի իռացիոնալ կեցվածք ունեցողների պահանջմունքներին։ Դա լավ է, եթե կարողանում ես անոնսից հետո բավարարել այդ պահանջմունքները, բայց շատ վատ է, եթե այդպես անոնս էլ մնում է, որովհետև դա սերմանում է անվստահություն՝ Բանակի նկատմամբ։

«Չխոմյաչոկների» մոտ էլ առաջանում է միանգամայն արդարացի դիրքորոշում․ ախպե՛ր, եթե բան չեք անելու, ապա բռունցքներով մի թափ տվեք։ Եթե չանելու պատճառը էսկալացումից խուսափելն է՝ մենք ձեզ կարող ենք հասանալ, բայց էսկալացումից խուսափելով լապշա կախելը՝ ոչ։ Եթե էսկալացման վտանգը հաշվի առնելով, այնուամենայնիվ անելու եք՝ էլի կհասկականանք, ուրեմն պետք է ու հակառակորդին անպատիժ թողնելն ավելի վտանգավոր ու ռիսկային է։

Այնպես որ, պաշտպանական գերատեսչություններում լավ կանեն քչացնեն լիրիկան ու ռազմահայրենասիրական պաթոսը և ավելացնեն կոնկրետիկան։ Ավելի լավ է քիչ սպառնալից հաղորդագրություններ լինեն, բայց բոլոր սպառնալիքները իրականացվեն, քան օրը մեջ հայ զինվորի բազուկի ուժի մասին ակնարկվի ու գրեթե երբեք ոչինչ չարվի։