1939 թվականի օգոստոսի 23-ին Մոսկվայում Խորհրդային Միության արտգործնախարար Վյաչեսլավ Մոլոտովի և Գերմանիայի արտգործնախարար Յոահիմ Ֆոն Ռիբենտրոպի միջև կնքվեց պայմանագիր, որը պատերազմի մեկնարկից 8 օր առաջ կանխորոշեց դեպքերի հետագա զարգացումը և բախտորոշ նշանակություն ունեցավ բազմաթիվ ազգերի համար:



Պայմանագրի գաղտնի կետերի համաձայն՝ երկու կողմերն ազդեցության գոտիների բաժանում կատարեցին: Փաստացի, պատմության մեջ «Մոլոտով-Ռիբենտրոպ պակտ» անունը ստացած այս փաստաթղթի գաղտնի մասերով՝ Հիտլերը և Ստալինը կիսեցին Եվրոպա աշխարհամասը: Խորհրդային Միության ազդեցության գոտիներ էին դառնում Լեհաստանի արևելյան մասը, Մերձբալթյան տարածաշրջանը, Բեսարաբիան, Ռումինիան, Ֆինլանդիան և Մերձբալթյան տարածաշրջանը: Գերմանիան չէր խանգարելու ԽՍՀՄ-ին կատարել իր ծրագրերը: Իր հերթին Հիտլերը երաշխիք էր ստանում, որ ԽՍՀՄ-ը որևէ խոչընդոտ չի ստեղծի իրեն արևելքից: Գերմանիան և ԽՍՀՄ-ը դարձան ռազմավարականդաշնակիցներ:


Հայաստանյան իրականության համատեքստում, ինչպես մնացած ոլորտներում, կրթական հաստատություններում պատմությունը կողմնակալ ներկայացման առարկա է դառնում: Հայ հանրությունը խորհրդային ժամանակներից սկսած սնուցվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին տարատեսակ միֆերով: Դրանցից ամենակարևորը վերը նշված պակտի և խորհրդա-գերմանական համագործակցության և հետևանքների վերաբերյալ իրողությունների չներկայանցելը կամ կցկտուր, առանց հստակ գնահատականի ներկայացնել է, ինչպես նաև «բարի» ԽՍՀՄ-ը որպես ֆաշիզմի դեմ «անհաշտ» մարտիկ ներկայացնելը: Յուրաքանչյուր տարի մայիսի 9-ին մարդկանց բաժանվում են «Գիորգևյան ժապավեններ»՝ ի նշան, այսպես կոչված, «Մեծ հայրենական պատերազմում» հաղթանակի:


Ռուսական քարոզչության անքակտելի մաս հանդիսացող Գիորգևյան ժապավենների ծագումը գալիս է դեռևս Ռուսական կայսրության ժամանակներից և մեր հետ ընդհանրապես կապ չունի: Իրականում, կապիտուլյացիայի ակտը ստորագրվել է ավելի վաղ՝ մայիսի 7-ին, երբ գեներալ Ուոլթեր Բեդել Սմիթը և Խորհրդային գեներալ Սուսլուպարովը գերմանական հրամանատարության հետ ստորագրեցին կապիտուլյացիայի ակտը, որն ուժի մեջ մտավ մայիսի 8-ից: Միայն դրանից հետո՝ մայիսի 9-ին, Ստալինի պահանջով ակտի ստորագրումը կրկնվեց, որպեսզի այս անգամ ստորագրումը տեղի ունենա խորհրդաին ուժերի վերահսկողության ներքո գտնվող Բեռլինում, և որտեղ գլխավոր դերակատարումն ունենա մարշալ Ժուկովը: Եվրոպայում հաղթանակի օրը համարվում է մայիսի 8-ը:


Վերադառնալով պատմության ներկայացմանը, ինչպես նշեցինք՝ գրեթե չի խոսվում կամ կցկտուր կերպով է խոսվում պատերազմի սանձազերծման համատեքստում ԽՍՀՄ ունեցած դերի մասին: Կա տեսակետ, ըստ որի՝ Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը ԽՍՀՄ-ի համար պաշտպանողական նշանակություն ուներ և միտված էր կանխել վտանգը, ինչպես նաև ԽՍՀՄ-ին օգներ ժամանակ շահել և պատրաստվել պատերազմին: Բայց ի՞նչ վտանգի կամ ժամանակ շահելու և պատերազմին պատրաստվելու մասին կարելի է խոսել, երբ խորհրդային բանակը պատերազմի սկզբում խայտառակ վիճակում էր: Ինչպե՞ս է հնարավոր, որ գրեթե 2 տարի ժամանակ շահած և պատերազմին նախապատրաստված ԽՍՀՄ-ը 1941թ. ամռանը Գերմանո-Խորհրդային պատերազմի սկզբում արևմուտքում հսկայական տարածքային և զինվորական անձնակազմի կորուստներ ունենա:


Կռվի առաջին ամիսներին զինվորական անձնակազմի զգալի մասը ոչնչացվել կամ գերի էր ընկել: Մի՞թե պատերազմին պատրաստված պետությունը կթողներ, որ հակառակորդի բանակն ամռան ամիսներին մի քանի հարյուր կիլոմետր ներթափանցեր, գրավեր զգալի տարածքներ, իսկ սեպտեմբերին հայտնվեր Մոսկվայի մատույցներում: Բացի դա, շատերի գնահատմամբ՝ Ստալինյան ռեպրեսիաների շրջանում զինվորականությունը նույնպես թիրախ էր, և նույնիսկ Խրուշչյովն իր հայտնի «Անհատի պաշտամունքը» դատապարտող ելույթում նշում է, որ պատերազմի առաջին ամիսներին խորհրդային բանակի խայտառակ պարտությունները հետևանք էին նաև զինվորականության նկատմամբ իրականացված բռնաճնշումների: Արդյո՞ք պատերազմին նախապատրաստվող երկիրը կարող էր նմանատիպ շռայլություն իրեն թույլ տալ: Պարզ է, որ ԽՍՀՄ կողմից նացիստների հետ համագործակցությունն արդարացնող, այսպես կոչված, ժամանակ շահելու, պատերազմին պատրաստվելու պնդումներն իրականության հետ աղերս չունեն:


Գրեթե չի խոսվում այն մասին, որ Լեհաստանի վրա սեպտեմբերի 1-յան հարձակումից 16 օր անց գերմանացիների հետ Մոսկվայում ունեցած պայմանավորվածության համաձայն՝ սեպտեմբերի 17-ին Լեհաստանի վրա արևելքից հարձակվեց ԽՍՀՄ-ը: Փաստացի, մի ամբողջ Լեհաստան մաս-մաս արվեց: Լեհաստանի մասնատման համատեքստում չի խոսվում սեպտեմբերի 22-ին Բրեստում Գերմանո-Խորհրդային համատեղ զինվորական շքերթի մասին: Շքերթ, որի ղեկավարներից էին գերմանացի գեներալ Հուդերիանը և խորհրդային զինվորականներից Սիմյոն Կրիվոշեինը: Չի խոսվում Արևելյան Լեհաստանում և օկուպացված Մերձբալթյան տարածաշրջանում ԽՍՀՄ հանցագործությունների մասին: Մերձբալթյան տարածաշրջանի ժողովուրդները Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի ամենաառարկայական զոհերից են: Մասնավորապես, ԽՍՀՄ-ը տարածաշրջանը գրավելուց հետո այնտեղ ռուսաֆիկացման քաղաքականություն էր վարում: Այդ համատեքստում, մեծ տեղ ունեին Մերձբալթյան տարածաշրջանում տեղի ունեցած զանգվածային աքսորները, որոնցից ամենամասշտաբայինները տեղի ունեցան 1941 և 1949 թվականներին: Այդ աքսորների շրջանակներում տասնյակ հազարավոր լիտվացիներ, լատվիացիներ և էստոնացիներ աքսորվեցին Սիբիր, իսկ նրանց տները վերաբնակեցվեցին ռուսներով: Մասնավորապես, 1949թ. մարտի 25-ին սկսվեց «Մարտյան մեծ աքսորը»: ԽՍՀՄ Ներքին գործերի նախարարության մարտի 12-ի հրամանի համաձայն՝ սկսվեց Մերձբալթյան տարածաշրջանի երկրների բնակիչների աքսորը Սիբիր: Մի քանի օրվա ընթացքում շուրջ 22 հազար էստանացի, 31 հազար լիտվացի և 42 հազար լատվիացի գնացքներով աքսորվեց Սիբիր: Աքսորվածների թվում էին խորհրդային օկուպացիոն իշխանությունը չընդունող «հակահեղափոխական տարրեր», «ազգայնականներ», մտավորականներ և պարզապես սովորական մարդիկ:


 

Տարածաշրջանում դեմոգրաֆիական վիճակը փոխվեց ի վնաս այդ ժողովուրդների: Պետք է նշել, որ գրեթե չի խոսվում նաև ԽՍՀՄ կողմից 1940թ. գարնանն օկուպացված Լեհաստանի 22 հազար զինվորականի գնդակահարության մասին: Գնդակահարություն, որի մեջ իր ուրույն դերն ուներ հայազգի դահիճ Անաստաս Միկոյանը: 1940թ. գարնանը Խորհրդային իշխանության առաջին դեմքերի՝ Ստալինի, Միկոյանի, Վորոշիլովի, Մոլոտովի 1940թ. մարտի 5-ի ստորագրված հրամանով՝ Սմոլենսկի մոտակայքում գտնվող Կատին անտառում Խորհրդային ՆԿՎԴ-ի զինվորների կողմից գնդակահարվեցին հազարավոր լեհ սպաներ: Գործողությունը սկսվեց 1940 թվականի մարտից: Այն իրագործելու համար ստեղծվել էին «Եռյակներ», որոնք պետք է գործերն արագ աչքի անցկացնեին և միանգամից բարձրագույն պատիժ սահմանեին ձերբակալվածների համար: Եռյակները գործում էին Մերկուլովի, Կաբուլովի, Բաշտակովի գլխավորությամբ: Ընդհանուր առմամբ, Խորհրդային հանցագործները գնդակահարեցին մոտ 22.000 լեհ զինվորական:


Հայաստանյան իրականության համատեքստում մեկ այլ միֆ ևս լայն տարածում ունի: Խոսքը պատերազմի «Հայրենական» եզրույթի ընտրության մասին է: Հայրենական պատերազմ կարելի է կոչել այն պատերազմը, երբ թշնամին հարձակվում է քո անկախ պետականության վրա, իսկ դու զենքը ձեռքիդ պաշտպանում ես քո հայրենիքը կամ ազգային ազատագրական պայքար մղում: Բայց մի՞թե 1941թ. ամռանը Երկրորդ համաշխարհային պատերազմի շրջանակներում սկսված Գերմանո-Խորհրդային պատերազմը կարելի է անվանել հայրենական: Հարկ է նկատել, որ Հայաստանն այդ ժամանակ օկուպացված երկիր էր: 1920թ. վերջին ռուս-թուրքական տանդեմի կամ քեմալա-բոլշևիկյան համատեղ գործողությունների շնորհիվ Հայաստանը կորցրել էր իր պետականությունը: Մասնավորապես, 1920թ. նոյեմբերի 29-ին ռուսական 11-րդ Կարմիր բանակն Ադրբեջանից ներխուժել էր Հայաստան, իսկ դեկտեմբերի 2-ին արդեն կնքվել է Երևանի համաձայնագիրը: Հայկական իրականության շրջանակներում նշում են, որ պատերազմը հայրենական էր, որովհետև Խորհրդային բանակում կռվողների շարքում հայեր կային: Եթե դա է չափանիշը, ապա նույն տրամաբանությամբ բոլոր օտար բանակների պատերազմները, որոնց կազմում հայեր են կռվել պետք է անվանել հայրենական:


Միջին դարերում հայկական այրուձին կռվում էր բյուզանդական զորաբանակների կազմում: Ռուս-թուրքական պատերազմների ժամանակ երկու բանակներում տարբեր ժամանակներում հայեր են կռվել: Օրինակ, Սարիղամիշի ճակատամարտում հայերը փրկել են Էնվերին ռուսական գերությունից: Երկրորդ համաշխարհային պատերազմի շրջանակներում բռնկված Գերմանո-Խորհրդային պատերազմի ժամանակ ընդունված է համարել, որ զոհվել է մոտավորապես 300 հազար հայ: Դրանով իսկ հայ ժողովուրդը լրջագույն դեմոգրաֆիական հարված է ստացել մի պատերազմից, որի կնքահայրը Նացիստական Գերմանիայի հետ միասին պատերազմից 8 օր առաջ դեպքերի ընթացքը կանխորոշող Մոլոտով-Ռիբենտրոպ պակտով նույն ԽՍՀՄ-ն է հանդիսանում: Ոմանք էլ նշում են, որ պատերազմը հայրենական էր այն պատճառով, որ Ստալինիգրադի ենթադրյալ անկումից հետո թուրքերը պատրաստվում էին գրոհել Կովկասը, և հարվածի տակ էին հայտնվել առաջին հերթին հայերը: Բայց չի նշվում որևէ փաստ, որ թուրքերը տեղակայել էին սահմանին զորամիավորումներ: Բայց դա մի կողմ, եթե դա ճիշտ է, բայց թուրքական հարձակումը կրում էր ենթադրյալ բնույթ, իսկ պատմությունը եթե-ներով չեն որոշում: Այնպես, որ հարկ է հիմք ընդունել կայացած փաստերը:


Փաստ 1-ին՝ Հայաստանը ենթարկվել է ռուս-թուրքական կամ քեմալա-բոլշևիկյան օկուպացիայի և փաստացի կորցրել անկախությունը:


Փաստ 2-րդ՝ պատերազմի զոհ են գնացել հազարավոր հայեր, որի մեջ գերմանացիների հետ կնքված Մոլոտով-Ռիբենտրոպ պակտով իր ուրույն դերակատարումն ունի նաև նույն ԽՍՀՄ-ը: Մեկ հատկանշական բան ևս: Պատմության ընթացքում բազմաթիվ են եղել դեպքերը, երբ թուրքերն այլ պետությունից կարողացել են գրավել Հայաստանի որոշ մասերը կամ ամբողջ Հայաստանը: Հայկական զորամիավորումներն էլ այդ պետության բանակի կազմում կռվել են թուրքերի դեմ, բայց այդ և բազմաթիվ այլ կռիվներում «Հայրենական» եզրույթը չի օգտագործվել: Օրինակ, 1071թ. տեղի ունեցած Մանազկերտի ճակատամարտի ժամանակ, երբ սելջուկ թուրքերը հաղթելով բյուզանդացիներին, հետագայում գրավեցին Հայաստանը, այդ ճակատամարտում բյուզանդական զորաբանակներում հայկական զորամիավորումներ կային: Այս պարագայում, երբ մենք կրկին պետականություն չունեինք (Բյուզանդացիները 1045թ. վերջ տվեցին Բագրատունիների դինաստիային), ապա սելջուկների դեմ ուղղված պայքարի համատեքստում Գերմանո-Խորհրդային պատերազմի «տրամաբանության» շրջանակներում պետք է օգտագործվի «Հայրենական» եզրույթը: Չէ՞ որ հայ բնակչությունը կրկին հարվածի տակ էր: Ավելին, 1064թ. սուլթան Ալփասլանի կառավարման շրջանում իրենց արշավանքների ժամանակ կոտորածներ էին իրականացնում հայ բնակչության հանդեպ և շարունակեցին իրականացնել Հայաստանը գրավելուց հետո: Իրականությունն այն է, որ համաշխարհային պատերազմում հայերի և ԽՍՀՄ բոլոր ազգությունների տված հերոսական զոհերի մասին պետք է խոսել ոչ թե «Հայրենական պատերազմ» կոչվածի շրջանակներում, այլ ֆաշիզմի դեմ միջազգային հաղթանակի մեջ ունեցած ավանդի տեսանկյունից:


Դավիթ Ֆիդանյան