Ինչ շքեղ ա բայց «Շուշի» տառակապակցությունը։ Ինչ սիրուն ձայներ ու հոտեր ա պարունակում իր մեջ։

 


Հլը լսեք.Շուշի։ Քամու շվշվոցի նման։ Էն քամու, որը դմբո մտքեր մտածելիս դեմքիդ փոշի ա լցնում, որ ձեռքերով աչքերդ տրորես ու ախմախ բաներ չհասցնես քննարկել ուղեղումդ։ Շշուկներով ա «Շուշին»։ Առաջին անգամ սիրելիին վախեցած ու կիսալսվող «ես քեզ սիրում եմ» ասելու նման։ Վերմակի տակ մոտ ընկերուհու հետ շշուկով ծիծաղելու պես։
Էդ բառից յասամանի ու ծովի համադրության հոտ ա գալիս։ Մանուշակագույնի ու մուգ կապույտի հոտ։ Հլը հոտոտեք օդը, զգացի՞ք։

 


«Շուշին» թշշում ա։ Ժենգյալով հացով լեզուդ վառելու, կարագը ձեռքերիդ վրայով ծորացնելով ու տաքությունից թշշացող մատներով ուտելու նման։

 


Դրա համար էլ մեր Շուշին սիրելի մարդուց սիրո խոստովանություն լսելու պես սիրտ թրթռացնող ա, յասմանի նման արբեցնող, ծովի նման ջինջ ու խաղաղ, ժենգյալով հացի պես էլ՝ համեղ։ Ինքը համեղ հողակտոր ա։ Ուզում ես կծես շրջակա անտառներն ու խրթխրթալով ծամես։ Ուզում ես ձեռքերդ Շուշիի եկեղեցուն մոտ պահես, որ տաքանաս։

 


Շուշին կապույտ-կապույտ աչքեր ունի, սիրուն-սիրուն։ Սպիտակ հագուստով, ոտաբոբիկ, բնությանը սերտաճած հայրենիք ա։ Հենց դրա համար էլ զարմանալի չի, որ մերոնք Շուշիի մեջ կյանք դրեցին։

 

Սյունե Սևադա