Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

««Թյուրքական» տեղանվան արհեստական հայկականացման դասական օրինակներից մեկն էլ հանդիպեց այսօր. այժմյան Կոտայքի մարզի Թայչարուխ գյուղը 1946թ. վերնավանվել է Մեղրաձոր (նախկին անվանումը տեղում գործածական է մինչև օրս):

Թյուրքական բարբառների քերականության տեսանկյունից բացարձակ սխալ կազմությամբ և տեղանվան համար զավեշտալի թվացող «չարոխի թայ, տրեխի զույգի մեկը» իմաստով գյուղանունն առաջին իսկ հայացքից ակնհայտորեն կասկածելի և անբացատրելի է երևում:
Իրականում, սակայն, որքան էլ տարօրինակ թվա, «թյուրքական» Թայչարուխը շատ ավելի պատմականորեն հիմնավորված է, քան նորակազմ և արհեստածին Մեղրաձորը, որովեհտև առաջինը թյուրքական բերանում աղճատված հնավանդ և, ըստ իս, հոյակազմ Թեժառույքն է, որը հայտնի էր նաև միջնադարյան իր նշանավոր վանական համալիրով, ուստի Թայչարուխը փոխելիս պետք էր միայն վերականգնել նրա հայահունչ տարբերակ Թեժառույքը, այլ ոչ թե հորինել ինչ-որ Մեղրաձոր»: