Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն անսպասելիորեն հյուր է գնացել Օհայո նահանգում բնակվող շարքային ամերիկյան ընտանիքին՝ ցանկանալով հանդիպել նրանց հետ, ովքեր միշտ քվեարկել են դեմոկրատների օգտին, սակայն վերջին ընտրություններին նախընտրել Դոնալդ Թրամփին։

Նյուտոն քաղաքի բնակիչ Ֆոլս Դենիել Մուրի խոսքով՝ ինքն ու իր կինը՝ Լիզան, իմացել են այցի մասին Ցուկերբերգի ժամանումից 15 րոպե առաջ։ Այս մասին հայտնում է BBC-ն․

Ցուկերբերգը նման հանդիպման ցանկություն էր հայտնել և խնդրել իր աշխատողներին նման ընտանիք գտնել, որից հետո վերջիններս գտել էին Մուրերի ընտանիքը։

Ընթրիքի սեղանի շուրջ զրույցն ընթացել է ոչ միայն քաղաքականության շուրջ, այլև այն բանի, թե ինչպես է ընտանիքը օգնում Ուգանդայի մի մանկատան։

Ցուկերբերգը, ով բազմիցս ասել է, որ պատրաստվում է բարեգործությանն ուղղել առնվազն 45 մլրդ դոլար, առաջարկել է Մուրերին օգնել գումար հավաքելու գործում։

Ընթրիքից հետո միլիարդատերն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հենց նոր եմ ժամանել Օհայո։ Շնորհակալություն Դեն և Լիզա Մուրերին ջերմ ընդունելության և հիասքանչ ընթրիքի համար»։ Ցուկերբերգը 89 մլն հետևորդ ունի։

Ցուկերբերգն ընթրիքից հետո ուղևորվել է Օհայոյում թմրամոլությունից բուժվողների կլինիկա, որից հետո ուղևորվել Ինդիանա՝ ընթրելու տեղի հրշեջների հետ։

Միլիարդատերը, ինչպես ինքն իրեն խոստացել էր, ուղևորություն է կատարում 50 նահանգներով։

Ոմանք դրա հետ կապված կարծում են, որ, հավանաբար, սոցցանցի հիմնադիրը մտածում է քաղաքական կարիերային մասին։