Չինաստանի Սինցզյան-ույգուրյան ինքնավար մարզում տեղի բնակիչներին արգելել են իրենց երեխաներին անվանել անջատողական և ծայրահեղական ենթատեքստեր ունեցող անուններով։


Արգելված անունների ցուցակում տեղ են գտել Իսլամ, Ղուրան, Մեքքա, Ջիհադ, Իմամ, Սադամ, Հաջ և Մեդինա անունները:


«Պարզապես պահեք կուսակցության գիծը: Այդ անուններով մարդիկ բնակության վայրում գրանցում չեն ստանա»,- արգելքը մեկնաբանել է ոստիկանական պաշտոնյան: Նրա խոսքերով' գրանցում չունեցող երեխաները չեն ստանա պետական կրթություն, ինչպես նաև առողջապահական ծառայություններ և սոցպաշտպանություն:


Չինաստանի այս քայլը բորբոքելու է ողջ մահմեդական աշխարհին ու առաջացնելու է քննադատության ալիք։ Պեկինն ունի լայն տնտեսական հարաբերություններ մահմեդական աշխարհի հետ'առաջին հերթին Արաբական թերակղզու երկրների'Սաուդյան Արաբիա, ինչպես նաև Իրանի' իսլամական աշխարհի այդ երկու կենտրոններից չինական տնտեսությունը միլիոնավոր բարելների նավթ է գնում ու ունի միլիարդավոր դոլարների պայմանագրեր ու ներդրումներ։ Նույն էներգետիկ–տրանսպորտային կապերով է Պեկինը «կապված» սահմանակից Կենտրոնական Ասիայի մահմեդական երկրների հետ, որտեղից'թուրքմենական և ղազախական էներգակիրներ է ստանում ու այդ երկրները ցամաքային մետաքսի ճանապարհի ու Տրանսկասպյան միջանցքի տարրերն են հանդիսանում։

 

Մահմեդական խոշոր երկրներ, որտեղ չինական կապիտալը ներկայացված է ու Պեկինն ունի աշխարհաքաղաքական շահեր գտնվում են նաև Ասիայում'Մալազիան ու Ինդոնեզիան։
Բացի այդ, ռազմա–քաղաքական դաշնակից է այնպիսի ազդեցիկ մահմեդական երկիր, ինչպիսին Պակիստանն է։ Սակայն հաշվի առնելով վերոնշյալ երկրների տնտեսական և աշխարհաքաղաքական հետաքրքրությունները Պեկինի հետ պահպանելու լավ հարաբերություններ' իսլամական աշխարհը կարող է սահմանափակվել զուտ դիվանագիտական հայտարարություններով կամ որոշակի «հասարակական դժգոհություն» ներկայացնելով ԶԼՄ–ներով ու այլ հարթակներով։


Ույգուրների հարցով ամենաշահագրգռված կողմը Թուրքիան է, որը միշը կոշտ քննադատության է ենթարկում Չինաստանին'ույգուրական խնդրի համար, հանդես գալով պանթուրքական և պանիսլամական շահերի պաշտպանի դերում Անկարան'Էրդողանի իշխանության օրոք հատկապես, բարձրաձայնելու է այդ խնդիրը զուտ PR տեսանկյունից։ Ոչ ոք չի ցանկանա խզել կապերն ու կորցնել միլիարդանոց շուկան'ի դեմս Չինաստանի, որն այս պահին գերտերություն է ու ՄԱԿ–ում ունի վետոյի իրավունք'ԱԽ–ի անդամ է։
Մահմեդական աշխարհն'ի դեմս պետությունների կարող է սահմանափակվել դիվանագիտական կամ այլ մակարդակի քաղաքական հայտարարություններով, սակայն իսլամիստական ու ահաբեկչական կազմակերպությունները'հատկապես ույգուրական, որոնք այս պահին ակտիվ են Սիրիայում ու նրանց անդամները կարող են վերադառնալով հետ'Չինաստանի իշխանությունների վերոնշյալ գործողությունների ֆոնին ոտքի հանել «ույգուրական փողոցը» ու հանդես գալ անջատողական կոչերով ու դիմել ծայրահեղ քայլերի'ահաբեկչական գործողությունների Սինցզյանում տեղի չինացիների կամ ոստիկանական ու ուժային բլոկի այլ ինստիտուտների դեմ։


Չինաստանի իշխանությունները վերջերս Սինցզյան- Ույգուրյան ինքնավար շրջանում, որտեղ տարածված է իսլամը, արգելել են կրել բուրկի՝ ավանդական մուսուլմանական հագուստ, որը ամբողջությամբ փակում է դեմքը։ Այս արգելքը բացատրել են անհանգիստ տարածաշրջանում ծայրահեղականության դեմ պայքարով, հայտնում է The Independent–ը։


Օդանավակայաններում ու երկաթգծային կայաններում ծառայողները պարտավոր են լինելու կանանց իրազեկել բուրկի հագնելու արգելքի մասին։ Նաեւ արգելվում է պահել մորուք, որը բնորոշ չէ չինական մշակույթին։ Նահանգի որոշ շրջաններում այդ արգելքն արդեն գործում է, օրինակ բուրկիով կնոջը թույլ չեն տալիս օգտվել հանրային տրանսպորտից։
Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանի բնակչությունը կազմում է 21.813.334 մարդ: Բնակչության 45%-ը կազմում են իսլամ դավանող, թյուրքալեզու ույգուրները, իսկ 40%-ը՝չինացիներ են: Չինական իշխանությունները մեղադրում են ույգուրներին ազգայնականության և անջատողականության մեջ:


Ույգուրները իրենց հերթին հայտարարում են, որ իշխանությունները սահմանափակում են իրենք ինքնավարությունը և ոտնահարում իրավունքները:
Ույգուրների իրավունքների պաշտպանությամբ զբաղվում է Համաշխարհային ույգուրական կոնգրես կազմակերպությունը: Այն ձևավորվել է 1992թ.-ին Ստամբուլում, սակայն այնուհետև Չինաստանի ճնշման հետևանքով կազմակերպության շտաբ-բնակարանը տեղափոխվել է Մյունհեն: Այս պահին կազմակերպությունը գլխավորում է Ռաբիա Կադիրը, ով այդ պաշտոնում ընտրվել է 2006թ.-ին:


«Արևելյան Թուրքեստանի իսլամական շարժում» կազմակերպությունը, որի շատ անդամներ այս պահին գտնվում են Սիրիայում'իսլամիստական տարբեր խմբավորումներում, սպառնում են Չինաստանի կենտրոնական իշխանություններին ահաբեկչություններով։ Ույգուրական ծայրահեղականների հարձակման թիրախ են դառնում հիմնականում տեղի չինացիներն ու զինվորականներն ու ոստիկանները։


Պեկինը տարիներ շարունակ իրականացրել է Սինցզյանի ժողովրդագրական դեմքի փոփոխությանն ուղղած միջոցառումներ'տարբեր շրջաններից շինարարության, արդյունաբերության զարգացման պատրվակներով չինացիներ է բնակեցրել այդ շրջանում։ Թվաքանակի փոփոխությունը նպատակ ուներ թույլ չտալ ույգուրներին կոմպակտ բնակվել մի տարածաշրջանում ու առաջ քաշել անկախության պահանջներ։


Պեկինը պետք է հետագայում շատ զգույշ լինի, քանի որ ույգուրական խնդիրը կարող է օգտագործվել աշխարհաքաղաքական հակառակորդների կողմից'ԱՄՆ–ի, որոնք համաշխարհային ԶԼՄ–ների միջոցով կարող են «փոքր» հարցից'մեծ խնդիրներ առաջացնել ու Չինաստանին ներկայացնել, որպես իսլամաֆոբ, մահմեդականներին հետապնդող երկիր'մահմեդական, արաբական աշխարհում չինական բիզնեսին դուրս մղելու ու նրանց տեղն այդ «աղմուկի» ներքո գրավելու համար։

 

Արտյոմ Բալասանով