Ղազախստանը ցանկանում է զրահամեքենաներ մատակարարել Ադրբեջանին։ Այդ մասին հայտարարել է Kazakhstan Paramount Engineering փոխտնօրեն Յոհան Դելպորտը։
Խոսքը գնում է Արլան զրահամեքենաների մասին։ Այդ բազմաֆունկցիոնալ զրահամեքենան ունի MRAP (mine resistant ambush protected) տիպի պաշտպանություն, հակաականային ուժեղ պաշտպանությամբ (STANAG 3b):
Ղազախստան–Ադրբեջան տանդեմի կապերը զարգանում են բոլոր ոլորտներում'դա չնայած այն հանգամանքին, որ Ղազախստանը ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամ է, ինչպես Հայաստանը, որի հետ Ադրբեջանը գտնվում է պատերազմական վիճակում։

 


Ադրբեջանի տարածքով դեպի Բաթումի տեղափոխված ղազախական նավթի և նավթամթերքների ծավալը կազմել է 2016թ.–ին 1,6 միլիոն տոննա։ Ադրբեջանում Ղազախստանի դեսպան Բեյբիթ Իսաբաևը հայտարարել է որ Ադրբեջանի տարածքով անցնող կովկասյան ուղղությունը թույլ կտա Ղազախստանի դուրս գալ եվրոպական շուկաներ։ Իր հերթին Ղազախստանն Ադրբեջանի համար ճանապարհ է բացում դեպի Կենտրոնական Ասիա ու Չինաստան։

 


Այս պահին Ղազախստանում գործում է ադրբեջանական կապիտալով ավելի քան 700 ձեռնարկություններ, իսկ Ադրբեջանում ղազախական կապիտալով'մոտ 60։
Ադրբեջանն ու Ղազախստանը կառուցում են նոր նավթամուղ՝Եսկենե-Կուրիկ-Բաքու՝739 կմ երկարությամբ: Այդ մասին նշված է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիկ Ալիևի հոդվածում:Նրա խոսքով, Ղազախստանն ունի հանքային մեծ ռեսուրսներ, որոնք կազմում են 5,5 միլիարդ տոննա նավթ ու 3 տրիլիոն խմ գազ:
Ադրբեջանա-ղազախական տնտեսական, էներգետիկ-տրանսպորտային միջանցքի ստեղծմամբ կենսականորեն հետաքրքրված է նաև Անկարան:

 


Թուրքիան և Ղազախստանը ստեղծել են համատեղ կոնսորցիում, որի մեջ ընդգրկվել են նաև Վրաստանն ու Ադրբեջանը, որպես տարանցիկ երկրները՝Սև ծով-Կասպից ծով ուղղության վրա՝թուրքական ապրանքները այդ թվում Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծով, այնուհետև Բաքու-Աքթաու ու Բաքու-Կուրիկ լաստանավային փոխադրումներով ասիական շուկաներ հասցնելու համար՝Մետաքսի ճանապարհի շրջանակներում:
Թուրքիայի համար, ինչպես նաև Ղազախստանի, ռազմավարական նշանակություն ու դեր ունի նաև Ադրբեջանը, որպես տարանցիկ երկիր՝Բաքուն իր տրանսպորտային-էներգետիկ ենթակառուցվածքներ է տրամադրում թե Անկարային՝Կենտրոնական Ասիա դուրս գալու համար, ինչպես նաև Աստանային՝ՌԴ-ը շրջանցող, այլընտրանքային ճանապարհով կասպյան Աքթաու ու Կուրիկ ղազախական նավահանգիստներով ապրանքներ, էներգակիրներ դեպի Արևմուտք՝Թուրքիա, սևծովյան երկրներ, ԵՄ արտահանելու համար:
Այս առումով ձևավորվում է Թուրքիա-Ադրբեջան-Ղազախստան ռազմավարական առանցքը, որի բաղկացուցիչ տարրեն են լինելու Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգիծն, ու Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքն՝ի հավելում Պեկինի կողմից ակտիվորեն առաջ մղվող Մետաքսի ճանապարհի:

 


Վերոնշյալ երկրներին կապում է պանթուրքիստական, պանիսլամական գաղափարախոսությունն ու պրագմատիկ, տնտեսական ու աշխարհաքաղաքական շահերը: Ղազախստանը ձգտում է ՌԴ-ի ազդեցությունը հավասարակշռել մի կողմից Չինաստանով, իսկ մյուս կողմից եղբայրական՝կրոնի ու ծագման առումով Թուրքիայի օգնությամբ: Ադրբեջանն այս պարագայում լինելով Կասպյան երկիր իր տարանցքն է տրամադրում եղբայրական Ղազախստանին՝տարանցման համար ստանալով ինչպես տնտեսական օգուտներ՝դառնալով Արևելք-Արևմուտք միջանցքի կարևոր օղակը:
Բացի այդ, Բաքվի միջազգային առևտրային նավահանգստի և Ղազախստանում կառուցվող Կուրիկ նավահանգստի միջև գործելու են նոր լաստանավային փոխադրումներ:Նախատեսվում է Կուրիկում՝Բաքվի նավահանգստի նման ազատ տնտեսական գոտի ստեղծել, իսկ այդ նոր ղազախական նավահանգիստն օրը սպասարկելու է մինչև հինգ լաստանավ, այսինքն տարեկան չորս միլիոն տոննա բեռ:

 


Ակտիվ են կապերը նաև գյուղատնտեսական ոլորտում՝ Ղազախստանը 2016-2017 թթ.-ին նախատեսում է ավելացնել Ադրբեջան ցորենի արտահանումն՝ այն հասցնելով 100 հազար տոննայի: Իր հերթին, Ադրբեջանը մինչև այս տարվա ավարտ Ղազախստանի Մանգիստաուտյան նահանգում շահագործման է հանձնելու լոգիստիկ կենտրոն, որը կառուցվելու է «Azersun Holding»-ի կողմից:

 


Աքթաու նավահանգստում կառուցվող այդ կենտրոնը նախատեսված է տարբեր ապրանքներին, մասնավորապես մրգերի ու բանջարեղենի պահեստավորման համար, որոնք հետագայում վաճառվելու են Ղազախստանում: Այդ կերպ, Աստանան ու Բաքուն ապրապնդում ու նոր շունչ են տալիս Կասպյան տրանսպորտային միջանցքին:
Այդ պանթուրքիստական ռազմավարական տանդեմի կուրացիոյով զբաղվում է Թուրքիան'Անկարային ձեռնտու է Թուրքիա–Ադրբեջան–Ղազախստան էներգետիկ–տրանսպորտային, հետագայում նաև ռազմա–տեխնիկական հենքի վրա համագործակցության զարգացումը։

 


Նշենք, որ Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը պատրաստվում են համատեղ զորավարժություններ իրականացնել:
Զորավարժություններին ներգրավված են լինելու մեծ թվով զինծառայողներ, զրահատեխնիկա, ականանետեր, ռազմական ուղղաթիռներ, հակաօդային պաշտպանության և զենիթահրթիռային համալիրներ: Զորավարժությունները տեղի են ունենալու Ադրբեջանում 2017թ.¬-ի մայիսի 1-¬ից 5¬-ն ընկած ժամանակահատվածում:
Չմոռանանք, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշըկը հայտարարել է, որ մայիսից Թուրքիան սկսելու է Altay տանկի զանգվածային արտադրությունը։
Նա նաև նշել է, որ շուտով զորքերին է տրամադրվելու Atak հարվածային ուղղաթիռները։ Նախարարը հավելել է, որ Թուրքիան սկսել է արտադրել սեփական անօդաչուները, նավերն ու արբանյակները։

 


Թուրքիայի ռազմա–արդյունաբերական համալիրը սկսել է սեփական զինված ուժերը հայրենական արտադրության զենքերով զինելու և այդ առումով ինքնաբավ դառնալու գործընթացը։ Հաշվի առնելով Ադրբեջանի հետ Անկարայի ռազմավարական սերտ համագործակցությունը, այդ թվում ռազմա–տեխնիկական համագործակցության առումով'սպայական կազմի պատրաստում, հատուկ ջոկատայինների պատրաստում ու թուրք–ադրբեջանական համատեղ զորավարժություններ, Անկարան կարող է սեփական արտադրության տանկերն ու ուղղաթիռները արտոնյալ պայմաններով վաճառել Ադրբեջանին'ռուսական կողմին «դուրս մղելով» Ադրբեջանի զինված ուժերից։

 


Ադրբեջանը տանկերն ու զրահատեխնիկան հիմնականում այս տարիների ընթացքում զանգվածաբար գնել է ՌԴ–ից, ինչպես նաև հետխորհրդային մի շարք երկրներում'Ուկրաինա, Բելառուս, իսրայելցի և այլ մասնագետների կողմից վերազինելով դրանք։ Չմոռանանք, որ Ադրբեջանը նորագույն զինատեսակներ է գնում նաև Իսրայելից'անօդաչուներ, հրթիռային, ՀՕՊ համակարգեր, ինչպես նաև ձգտում գտնել զենքերի գնման նոր շուկաներ'հեռանկարային է այդ առումով Պակիստանը, որի հետ Բաքուն արդեն իսկ նախապատրաստում է մի շարք պայմանագրեր 'զինատեսակների գնման առումով'հատկապես հեռահար հրթիռներ, հնարավոր է նաև կործանիչներ։
Թուրքիայում տեղի ունեցած հանրաքվեն սուլթանական լիազորություններով է օժտել Էրդողանին, ով այժմ'բանակի նկատմամբ ձեռք բերելով լիարժեք իշխանություն ու վերահսկողություն ու հաշվի առնելով Ալիևի հետ սերտ կապերը, կարող է փորձել թուրքական զինատեսակները վաճառելով «կրտսեր եղբայր» Ադրբեջանին'ՌԴ–ին, Իսրայելին աստիճանաբար դուրս մղել «ադրբեջանական զենքերի» շուկայից։

 


Անցումը խորհրդային զինատեսակներից'տանկեր, զրահատեխնիկա և այլն դեպի թուրքականը ժամանակ է պահանջում, սակայն հաշվի առնելով թուրք–ադրբեջանական տասնամյակներ տևող ռազմա–տեխնիկական բաց և գաղտնի համագործակցության աստիճանն' այդ աստիճանական անցումը կարող է զբաղեցնել մի քանի տարի, ինչը զինված ուժերի համար ընդունելի ժամանակացույց է։ Նկատենք, որ ԶԼՄ–ներում արդեն իսկ տեղեկություններ են հայտնվել, որ Բաքուն գնել է թուրքական հարվածային Atak ուղղաթիռներ'ի հավելումն ռուսական արտադրության «MИ» տարբեր մոդիֆիկացիաների ուղղաթիռների, որոնք առկա են Արդրբեջանի զինված ուժերի զինանոցում։

 


Բացի այդ, Ադրբեջանը գնել է նաև թուրքական T-122 Sakarya ռեակտիվ համակարգեր, ինչը խոսում է այն մասին, որ Բաքուն չի ցանկանում հրետային, հրթիռային և այլ զինատեսակներում կախվածություն ունենալ մի կենտրոնից'լինի դա ՌԴ–ը կամ Իսրայելը։
Վառ օրինակ է նաև սեփական արտադրության հարվածային և հետախուզական անօդաչուների գործարանի հիմնումն ու անօդաչուների զանգվածային արտադրությունն Ադրբեջանում'տարիներ շարունակ Բաքուն միլիոնավոր դոլարների անօդաչուներ է գնել Իսրայելից'այժմ նրանք փորձում են նմանատիպ անօդաչուներ արտադրել Ադրբեջանում'նվազեցնելով ռազմա–տեխնիկական կախվածությունն Իսրայելից։

 


Չմոռանանք, որ Թուրքիան սկսել է սեփական արտադրության, նոր սերնդի Anca անօդաչուների արտադրությունը'դրանք նույնպես ժամանակի ընթացքում տրամադրվելու են Ադրբեջանին։