Այսօր այն օրն է, երբ ողբագին խոսքերն ու պսեվդոհայրենասիրական կոչերը իրար չզիջելով ողջ հանրային դիսկուրսը լցնում են, և յուրաքանչյուրը գրեթե իր պարտքն է համարում կարծիք հայտնել այս և մնացած այլ իրադարձությունների վերաբերյալ, և ոչ միայն այսօր: Այնինչ բավականին լավ ու օգտակար կլիներ, եթե սրանց փոխարինելու գային առավել լայն մասշտաբի ռացիոնալ քննարկումները, մեր հարյուրավոր պատմաբաններից գոնե ոմանք ռեալ գնահատականներ տային նախորդ դարասկզբի իրադարձություններին՝ դրանց իրական պատճառներն ու հանգամանքները պարզաբանելով, ինչի համար, սակայն, հանրային որոշակի պահանջ էլ պետք է լինի, քանզի անհասցե ու սպառում չգտնող թեկուզ ամենառացիոնալ մեկնաբանություններն էլ դառնում են անիմաստ:

 

Մինչդեռ շատերին ողբն ու պաթոսային զեղումների համակցումը կարծես բավարարում են: Եվ դեռ շատ մեծ հարց է, թե «թուրքի գլուխ ուտող» և «արյուն խմող» մեր երիտասարդները և այդ հոգեբանությամբ տառապող այլոք որքանով են հասկանում իրերի իրական դրվածքը, ինչ է պետությունը, հայրենինքն ու ազգային-պետական շահը ընդհանրապես: Մենք ունակ չենք եղել և այժմ էլ չենք կարողանում պատմության բազմաթիվ էջերից անհրաժեշտ դասեր քաղել, այլ դրանք կրկնելով շարունակում քայլ առ քայլ ավելի դեգեներացվել: Ցեղասպանության, բանակի, պետության և այլ արժեքների մասին դատողություններ են անում այնպիսիք, ովքեր երևի թե տեղյակ էլ չեն իրենց որոշ քաղաքացիական պարտականությունների մասին, ովքեր ունակ են ընտրակաշառքի ազդեցությամբ գնալ ընտրատեղամաս, իսկ հետո քննադատել բոլորին՝ բոլոր հնարավոր ձևերով:

 


Ցեղասպանվածի հոգեբանությանն ու լալահառաչ զեղումներին պետք է փոխարինելու գան սթափ գնահատականներն ու անընդհատ նորը կառուցելու ու շենացնելու ռեալ գիտակցումն ու ցանկությունները: Խորենացին շատ լավ խոսք ունի. «Քաջերի սահմանը նրանց զենքն է, որքան կտրում է, այնքան էլ գրավում է»։ Մեր զենքը մեր պետությունն է, և լավ կլիներ այնքան սուր կարողանայինք պահել այդ զենքը, որ որքան հնարավոր է շատ կտրեր, և գրավածն էլ պահել կարողանար...