Եղբայրնե՛ր իմ, ամենքդ էլ հետամուտ մի՛ եղեք ուրիշներին սրբագրելու՝ իմանալով, որ մենք՝ ուսուցանողներս, դատվելու ենք առավել խստությամբ, որովհետև բոլորս էլ հանցանքներ ունենք։ Ով որ իր խոսքերը կշռել գիտի, նա կատարյալ մարդ է՝ ինքն իրեն իշխելու կարող։ Տե՛ս, թե ինչպես սանձ ենք դնում ձիերի բերանը, որպեսզի ենթարկվեն մեզ, և դրանով կառավարում ենք ձիու բոլոր շարժումները։ Կամ նայի՛ր նավերին. ինչքան էլ մեծ լինեն դրանք և ինչպիսի ուժեղ քամիներից էլ քշվեն, փոքրիկ մի ղեկ դրանց ուղղում է դեպի այնտեղ, ուր նավավարն է ուզում տանել։ Նույնպես և լեզուն. թեև մի փոքր անդամ է, բայց մեծամեծ բաներով է պարծենում։ Գիտեք, որ փոքր մի կայծ կարող է հրդեհել հսկա մի անտառ։ Լեզուն էլ կրակ է, անիրավության մի աշխարհ։ Թեև մարմնի պարզ մեկ անդամն է, բայց ապականում է ամբողջ մարդուն և գեհենի կրակով բորբոքված՝ կրակո՛վ է վառում մեր ամբողջ կյանքը։
Բոլոր տեսակի գազանները, թռչունները, սողունները և ծովային կենդանիները նվաճված են մարդու կողմից և հնազանդվում են նրան։ Բայց ոչ ոք չի կարող հնազանդեցնել մարդկային լեզուն, որ չար է, անզսպելի և մահացու թույնով լեցուն։ Նրանով ենք օրհնում մեր Տիրոջն ու Հայր Աստծուն և դարձյալ նրանով ենք անիծում մարդկանց, որոնք ստեղծվել են Աստծու նմանությամբ։ Այսինքն՝ նույն բերանից դուրս են գալիս թե՛ օրհնությունը և թե՛ անեծքը։ Այս ճիշտ չէ սակայն, եղբայրնե՛ր իմ։ Մի՞թե մի աղբյուր միևնույն ակից քաղցր և դառը ջուր կբխեցնի։ Կարելի՞ բան է, եղբայրնե՛ր իմ, որ թզենին ձիթապտուղ տա կամ որթատունկը՝ թուզ։ Նմանապես հնարավոր չէ, որ աղի աղբյուրից քաղցր ջուր բխի։
(Հակոբոս առաքյալի նամակը 3:1-12)

 

Ռուբեն վարդապետ Զարգարյան