Մեր օրերում շատ ենք խոսում հայ-ադրբեջանական հակամարտության տարբեր փուլերի և խնդրի ամենատարբեր նրբությունների մասին, փորձեմ ներկայացնել, մեր հարևանների ռազմական քաղաքականությունից որոշ դետալներ:

 

Մինչև 2007թ. բոլոր նախկին խորհրդային հանրապետությունների մեջ (բացի ՌԴ-ից) Ադրբեջանն ուներ ամենամեծ զինուժը: Միջազգային հեղինակավոր Գլոբալ սեքյուրիթի կազմակերպության տվյալներով, Ադրբեջանի զինուժը 2007թ. կազմում էր 95 հազ. զինվոր, որից 85 հազարը' ցամաքային զինուժ, 8 հազարը' օդային զինուժ և մոտ 2 հազարը՝ ռազմածովային ուժեր: Այս թվաքանակին անհրաժեշտ է ավելացնել ավելի քան 2500 հոգանոց ազգային գվարդիան (National Guard), ներքին զորքերի ավելի քան 12 հազարանոց բանակը և 50 հազ. սահմանապահներին:

 

2010-ին Կառավարության նիստի ժամանակ Ալիևը հայտարարել է. «Ներկայումս Ադրբեջանի բանակն ամենաուժեղն ու մարտունակն է Հարավային Կովկասում... 2011թ. մեր ռազմական ծախսերն ավելին կլինեն, քան Հայաստանի ողջ պետական բյուջեն: Բայց մենք կանգ չենք առնի այստեղ: Մենք ծրագրում ենք էլ ավելի մեծացնել մեր ռազմական ծախսերը... Հակառակ Հայաստանի, մենք ծախսում ենք մեր իսկ փողերը: Մենք կախված չենք որևէ այլ երկրից, չունենք և չենք էլ պատրաստվում ունենալ պարտքեր այլ երկրներից»:

 

Այս կապակցությամբ մի փոքր շտկեմ Հեյդարօղլուն. այդ պահին Ադրբեջանը, այնուամենայնիվ, արտաքին պարտք ուներ: Համաձայն ԱՄՆ ԿՀՎ-ի, այն կազմում էր $3.22 մլրդ.: Աշխարհի 201 երկրներից այդ ժամանակ արտաքին պարտք չունեին միայն Պալաուն, Բրունեյը և Մակաոն:

 

Ալիևի այս ելույթի կապակցությամբ պարզապես ստիպված եմ հիշել Ռումինիայի երկարամյա ղեկավար, ընկեր Չաուշեսկուի հայտնի ելույթը 1978թ. Լոնդոն կատարած պատմական այցելության ժամանակ (վստահ եմ' այս ելույթը, Բրիտանիայի թագուհուց բացի, ուշադիր լսում էին նաև BP ընկերության ներկայացուցիչները): Ակնարկելով Պլոյեշտիի նավթադաշտերի ինտենսիվ արդյունահանումը՝ նա հպարտությամբ նշել է, որ Ռումինիան արդեն ծախսում է իր սեփական փողերը և այլևս կախված չէ որևէ այլ երկրից: Այդ ժամանակ Ռումինիան բավական զգալի արտաքին պարտք ուներ: Այն հաջողվեց էապես իջեցնել միայն 1980-ականների վերջին' Չաուշեսկուի վարչակարգի տապալման նախօրեին: Կարծում եմ՝ արժե, որ Ադրբեջանն ավելի խոր ուսումնասիրի Պլոյեշտիի նավթադաշտերի դերը Երկրորդ համաշխարհային պատերազմում' մասնավորապես, և Ռումինիայի տնտեսական համակարգի զարթոնքի և անկման պատմությունը' ընդհանրապես:

 

2016 թ. համար նախատեսված բյուջեի վերջնական տարբերակում Ադրբեջանի ռազմական ոլորտին հատկացվում էր շուրջ 2 մլրդ 229 մլն ադրբեջանական մանաթ (1,43 մլրդ ԱՄՆ դոլար՝ ընդունման օրվա փոխարժեքով), ապա նոր նախագծով նախատեսվում է հատկացնել շուրջ 1 մլրդ 615 մլն մանաթ (994 մլն ԱՄՆ դոլար՝ հրապարակման օրվա փոխարժեքով), ինչը շուրջ 613 մլն մանաթով կամ 440 մլն ԱՄՆ դոլարով պակաս է այս տարվա հատկացումներից:

 

Համաձայն բազում հեղինակավոր աղբյուրների, օրինակ' Խաղաղության միջազգային ինստիտուտի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տեղեկատուների, նախկին ԽՍՀՄ 4–րդ բանակի ժառանգությունն ու օժանդակությունն ստացած ադրբեջանական բանակը տարածաշրջանում քանակապես ամենամեծն էր և տեխնիկապես ամենահագեցածը դեռ 1991-93թթ.:

 

Քանակական չափանիշները երբեք չպետք է խառնել որակականների հետ, և պատերազմի արդյունքները, կարծում եմ, քաջ հայտնի են թե՛ Ադրբեջանում և Հայաստանում, թե՛ Արցախում և աշխարհում:

 

Արմեն Հովասափյան