Խորհրդարանական բովանդակության ընտրությունները իրենից նաև հետընտրական սցենարների բացառումն էին ապահովում, որովհետև մեկ բան է նախագահական ընտրությունը, մեկ այլ բան՝ խորհրդարանականը: Հիմնական թեժ զարգացումները Հայաստանում տեղի են ունեցել հենց նախագահական ընտրությունների ավարտից հետո, որովհետև անձնավորվածությունը, ևս տասը տարի իրենց վրա անբռնազբոս իշխելու տեսլականը հանրության դժգոհ մասսային ի վերջո ստիպել է նստատեղը ծանր տեղից պոկել ու թավաքյալի լցվել հրապարակներ։ Քանի որ այդ դժգոհ սեգմենտի պահանջն էլ հստակ ձևակերպող ու իրականացնող չի եղել, իշխանության համար հեշտ է եղել ընթացքում թրծվելով հեշտ լիկվիդացնել այս բողոքների կրակը։

 

Հայաստանի իշխանությունները մինիմալիստ են հանրության պահանջները բավարարելու հարցում, բայց մաքսիմալիստ հանրությունից օգուտ ստանալու հարցում։ Սերժ Սարգսյանը համարելու է, որ ընտրակաշառք վերցնողներն այլևս իրեն չեն մեղադրելու իրենց ձախորդությունների, երկրի վատ վիճակի, պատերազմի մեջ լինելու համար, այլ հենց իրենք իրենց են մեղադրելու եղածի համար։ Խորհրդարանական մեծամասնությունը համարում է, որ ունենալու ենք նոր որակի խորհրդարան, սակայն այն ուժերը, որոնք գտնվում են պառլամենտում, չեն կարող արտացոլել Հայաստանի քաղաքական իրականությունը։ Իրենց համար, իհարկե, ավելի հեշտ է լինելու, որովհետև օպոնենտները քաղաքական «դեռահասներն» են, մի մասն էլ պարզապես հավես չի ունենալու գլուխ դնել հետներն ու ժամանակ է սպանելու։ Եթե չունես իրական լծակներ՝ ազդելու իշխանության որոշումների վրա, ապա սիմվոլիկ ներկայացվածությունը ԱԺ-ում մեծ արդյունք տալ չի կարող, մինչդեռ պահանջներ լինելու են հենց ընդդիմությունից։ Մարդիկ սովոր են պահանջել. «Դեպուտատ ես, մի բան արա, սենց չի լինի»։ Նրանց չի հետաքրքրելու, որ ԵԼՔ-ի ջահել կազմը հինգ տարում զոռով հասցնելու է ճանաչել Հայաստանի կեղտոտ քաղաքական մթնոլորտը, ու մինչ ուշքի գա, նոր ընտրությունների ժամանակն է լինելու։ Ու կա մեծ վտանգ ԱԺ-ի ռեսուրսը վատնելու, ինչպես եղավ ՀԱԿ-ի դեպքում։

 

Դե ինչ մնում է իշխանություններին, վերջիններս երևի թե մի քիչ թափ կտան իրենց սկզբնական մի քանի ամսում, Կարեն Կարապետյանի տեսքով բարեփոխումները միգուցե մի որոշ ժամանակ տոտալ ապատիան թոթափելու փորձ անեն, սակայն երկարաժամկետ պայմաններում Հայաստանում փոփոխությունների ահռելի չափաբաժին ակնկալելը, մեղմ ասած, անշնորհակալ գործ կլինի, որովհետև էլիտայի օտարման պրոցեսը ոչ միայն չի դադարելու, այլ նոր տեմպ է առնելու։ Իսկ այս պարագայում, երբ հանրության հիմնական ռեալիզացման, որոշում կայացնելու, վերջապես մի քիչ ինքնաբավ լինելու պահանջը դեռ չի կատարվել, Հայաստանում նորանոր սասնածռերը ոչ թե չեն բացառվելու, այլ կրկնվելու մեծ հավանականություն են ենթադրելու։

 

Նարեկ Ադամյան