Մարտի 28-ին՝ Երևանում կայացած նախընտրական
քարոզչության ամփոփիչ հանդիպմանը, ԲՀԿ նախագահ, «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը իր ելութի ընթացքում ի լուր բոլորի հայտարարել էր, որ իր արտասահմանյան գործընկերները պատրաստակամություն են հայտնել «Ծառուկյան» դաշինքի հաղթանակի դեպքում 15 միլիարդ դոլարի ներդրումներ կատարել Հայաստանում:
Անխոս, 15 միլիարդ դոլարը, որը կարող է Հայաստան գալ, միայն ու միայն Ծառուկյանի հեղինակության հաշվին, մեծ գումար է Հայաստանի տնտեսության առողջացման, մի շարք ռազմավարական ծրագրեր կյանքի կոչելու համար ու չնայած նրան, որ էլի գտնվեցին մարդիկ, ովքեր փորձեցին անիրատեսական համարել ներդրումները, այդուհանդերձ, հարկ ենք համարում նշել, որ ճիշտ ծրագրելու պարագայում արդյունքներն շատ կարճ ժամանակահատվածում իրենց մասին իմաց կտան:
Ծառուկյանի ելույթից ընդամենը մի քանի օր անց, Ծառուկյանի հետ հանդիպելու, նրան իր աջակցությունը հայտնելու համար Հայաստան է ժամանել իտալական լեգենդար Գուչչի նորաձևության տան հիմնադիր Գուչչիո Գուչչիի թոռը՝ Ուբերտո Գուչին: Ծառուկյանի հետ զրույցում Գուչին նշել է, որ քաջատեղյակ է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, հետևել է Ծառուկյանի նախընտրական արշավին և որ իր համար պատիվ է համագործակցել մի մարդու հետ, որին սիրում և անվերապահորեն վստահում է հանրապետության ողջ բնակչությունը: Հաջողություն և հաղթանակ մաղթելով Գագիկ Ծառուկյաին առաջիկա ընտրություններում՝ Գուչչին հայտնել է, որ Հայաստանում մեծ ներդրումներ կատարելիս հաշվի է առել Գագիկ Ծառուկյանի հեղինակությունն ու նրա հանդեպ անձնական վստահությունը:
Իր հերթին ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի հայտարարությամբ է հանդես եկել Քուվեյթի թագավորական ընտանիքի ներկայացուցիչ Ասիական Օլիմփիական կոմիտեի նախագահ «Ֆիֆայի» խորհրդի անդամ Շեյխ Ահմեդ Ալ -Ֆահադ Ալ-Սաբահը: Շեյխ Ահմեդ Ալ -Ֆահադ Ալ-Սաբահը, ով ժամանակին զբաղեցրել է Քուվեյթի մի շարք կարևորագույն պաշտոններ՝ տեղեկատվության, նավթարդյունաբերության նախարարներ, ազգային անվտանգության գործակալության տնօրեն, իր հայտարարության մեջ հայտնել է, որ ինքը և իր ընկերները պատրաստակամ են աջակցելու և սատարելու Ծառուկյանի յուրաքանչյուր նախաձեռնությանը, որը կնպաստի Հայաստանի բարգավաճմանը:
Շատ կարևոր է, որ քաղաքական հայտ ներկայացրած ուժի առաջնորդը հեղինակություն է ոչ միայն իր երկրի ներսում այլ նաև դրա սահմաններից դուրս, իսկ այս համատեքստում, նույնիսկ մինչև ընտրությունները այս տրամաչափի գործիչների աջակցությունը ևս մեկ անգամ փաստեց, որ Ծառուկյանի վարկանիշը չի սահմանափակվում Հայաստանով, որ նա մեծ հեղինակություն է վայելում ոչ միայն հայ ժողովրդի շրջանում այլև՝ մի շարք համաշխարհային ճանաչում ունեցող գործիչների շրջանում և սա այն դեպքում, երբ Ծառուկյանը խոստովանել է,որ ինքը դեռ չի էլ դիմել իր արտասահամանցի գործընկերներին:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ կարելի է վստահաբար պնդել, որ «Ծառուկյան» դաշինքի հաղթանակի պարագայում Հայաստանի հեղինակությունը էլ ավելի է մեծանալու միջազգային հարթակներում, իսկ խոստացված 15 միլիարդ ներդրումները հայրենի տնտեսությունը կդարձնեն աշխարհի ամենամրցունակ տնտեսություններից մեկը: