Պարզվեց, հայերս ժամանակակից պետություն չենք կարողանում ստեղծել: Հին վախեցած ենք: Բայց վախը կանցնի, ժամանակի հետ:

 

Ձայնը ո՞ւմ տալ և ինչի՞ տալ – ժողովրդի բնազդը կորոշի: Այս անգամ ձայն վաճառելը լրիվ լեգիտիմացավ` որպես ազգային զբաղմունք: Սա էլ կանցնի: Ներքևում կասեմ` երբ:

 

Հիմա ի՞նչ անենք: Պատեպատ զարկվե՞նք: Մի վախեցեք: Չկա ավելի զորավոր ազդակ, քան անհնարինությունը:

 

Համաշխարհային կարգը ընդունում է Հայաստանը: Հարգում է մշակույթը: Եվ սովորեցնում է, ստիպում է մեր պետությանը` մարդկանց տնտեսական ազատություն տալ: Սա էլ տալու է - այսօր, վաղը, - ճար չունի: Տնտեսապես ազատ անհատը կծնվի: Այդ ծնունդն անկասելի է: Ազատության ճանապարհը սա է: Ով ուժ ունի` թող հուպ տա տնտեսական ազատության լծակին: Մնացյալը անգիտություն է: Կամ խառնակչություն:

 

Միայն մի պայման: Պինդ պահենք, ղայիմ պահենք լեզուն ու մշակույթը: Ծռություն եք ուզում անել` ԿՐԹՈՒԹՅԱՆ մեջ արեք: Տգիտության ՊՊԾ-գունդը գրավեք: Ազատ մարդ և կրթություն – սա կլինի մեր իրական իշխանափոխությունը: Ժամանակի գետը մնացյալ տիղմը կտանի, սրանց կտանի: Կլինենք գերազանց պետություն:

 

Բարի ընտրություն:

 

ԼԵՎՈՆ ԴՌՆՈՅԱՆ