Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ապրիլի 2-3–ին պաշտոնական այցով կայցելի Բաքու։ Բանակցությունների ընթացքում քննարկվելու են անվտանգությանը, տնտեսությանը, տարանցման հարցերը։


Ռազմավարական երկու կարևոր նախագծերի' ղազախական Նուրլը ժոլի և Տնտեսական Մետաքսի ճանապարհի կարևոր հատման կետը տարանցիկ տրանսպորտային միջանցքների և լոգիստիկ կենտրոնների ստեղծումն է։ Շահագործման է հանձնվել Կուրիկ նավահանգստում նոր լաստանավային համալիրը, որը նախատեսած է նավթամթերքներ, ցորեն տեղափոխելու համար Կասպյան երկրներ։ Բացի այդ' երեք տերմինալ է բացվել Աքթաու նավահանգստում։ Վերոնշյալը Ղազախստանին հնարավորություն է տալիս ավելացնելու իր տրանսպորտային հոսքերն ու զարգացնել իր տարանցիկ ներուժը։ Այժմ Աստանան կարող է ապրանքներ արտահանել ոչ միայն ՌԴ-ի տարածքով, այլ նաև Տրանսկասպյան միջանցքի, որը ներառում է Աքթաու նավահանգիստը, Բաքվի նավահանգսիտը, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծն ու Վրաստանի ու Թուրքիայի տարածքները։


Ադրբեջանի տարածքով դեպի Բաթումի տեղափոխված ղազախական նավթի և նավթամթերքների ծավալը 2016թ.-ին կազմել է 1,6 միլիոն տոննա։ Ադրբեջանում Ղազախստանի դեսպան Բեյբիթ Իսաբաևը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքով անցնող կովկասյան ուղղությունը թույլ կտա Ղազախստանին դուրս գալ եվրոպական շուկաներ։ Իր հերթին Ղազախստանն Ադրբեջանի համար ճանապարհ է բացում դեպի Կենտրոնական Ասիա ու Չինաստան։


Այս պահին Ղազախստանում գործում է ադրբեջանական կապիտալով ավելի քան 700 ձեռնարկություն, իսկ Ադրբեջանում ղազախական կապիտալով' մոտ 60։
Ադրբեջանն ու Ղազախստանը կառուցում են նոր նավթամուղ՝ Եսկենե-Կուրիկ-Բաքու՝ 739 կմ երկարությամբ: Այդ մասին նշված է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիկ Ալիևի հոդվածում: Նրա խոսքով՝ Ղազախստանն ունի հանքային մեծ ռեսուրսներ, որոնք կազմում են 5,5 միլիարդ տոննա նավթ ու 3 տրիլիոն խմ գազ:


Ադրբեջանա-ղազախական տնտեսական, էներգետիկ-տրանսպորտային միջանցքի ստեղծմամբ կենսականորեն հետաքրքրված է նաև Անկարան:


Թուրքիան և Ղազախստանը ստեղծել են համատեղ կոնսորցիում, որի մեջ ընդգրկվել են նաև Վրաստանն ու Ադրբեջանը՝ որպես տարանցիկ երկրներ, Սև ծով-Կասպից ծով ուղղության վրա՝ թուրքական ապրանքները այդ թվում՝ Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծով, այնուհետև՝ Բաքու-Աքթաու ու Բաքու-Կուրիկ լաստանավային փոխադրումներով ասիական շուկաներ հասցնելու համար՝ Մետաքսի ճանապարհի շրջանակներում:


Թուրքիայի համար, ինչպես նաև Ղազախստանի, ռազմավարական նշանակություն ու դեր ունի նաև Ադրբեջանը։ Որպես տարանցիկ երկիր՝ Բաքուն իր տրանսպորտային-էներգետիկ ենթակառուցվածքներ է տրամադրում Անկարային՝ Կենտրոնական Ասիա դուրս գալու համար, ինչպես նաև Աստանային՝ ՌԴ-ը շրջանցող, այլընտրանքային ճանապարհով կասպյան Աքթաու ու Կուրիկ ղազախական նավահանգիստներով ապրանքներ, էներգակիրներ դեպի Արևմուտք՝ Թուրքիա, սևծովյան երկրներ, ԵՄ արտահանելու համար:


Այս առումով ձևավորվում է Թուրքիա-Ադրբեջան-Ղազախստան ռազմավարական առանցքը, որի բաղկացուցիչ տարրեն են լինելու Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգիծն, ու Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքն՝ ի հավելում Պեկինի կողմից ակտիվորեն առաջ մղվող Մետաքսի ճանապարհի:


Վերոնշյալ երկրներին կապում է պանթուրքիստական, պանիսլամական գաղափարախոսությունն ու պրագմատիկ, տնտեսական ու աշխարհաքաղաքական շահերը: Ղազախստանը ձգտում է ՌԴ-ի ազդեցությունը հավասարակշռել մի կողմից Չինաստանով, իսկ մյուս կողմից՝ եղբայրական՝ կրոնի ու ծագման առումով Թուրքիայի օգնությամբ: Ադրբեջանն այս պարագայում լինելով Կասպյան երկիր՝ իր տարանցքն է տրամադրում եղբայրական Ղազախստանին՝ տարանցման համար ստանալով տնտեսական օգուտներ, դառնալով Արևելք-Արևմուտք միջանցքի կարևոր օղակը:


Բացի այդ՝ Բաքվի միջազգային առևտրային նավահանգստի և Ղազախստանում կառուցվող Կուրիկ նավահանգստի միջև գործելու են նոր լաստանավային փոխադրումներ: Նախատեսվում է Կուրիկում Բաքվի նավահանգստի նման ազատ տնտեսական գոտի ստեղծել, իսկ այդ նոր ղազախական նավահանգիստն օրը սպասարկելու է մինչև հինգ լաստանավ, այսինքն՝ տարեկան չորս միլիոն տոննա բեռ:


Ակտիվ են կապերը նաև գյուղատնտեսական ոլորտում։ Ղազախստանը 2016-2017 թթ.-ին նախատեսում է ավելացնել Ադրբեջան ցորենի արտահանումն՝ այն հասցնելով 100 հազար տոննայի: Իր հերթին Ադրբեջանը մինչև այս տարվա ավարտ Ղազախստանի Մանգիստաուտյան նահանգում շահագործման է հանձնելու լոգիստիկ կենտրոն, որը կառուցվելու է «Azersun Holding»-ի կողմից:


Աքթաու նավահանգստում կառուցվող այդ կենտրոնը նախատեսված է տարբեր ապրանքներին, մասնավորապես՝ մրգերի ու բանջարեղենի պահեստավորման համար, որոնք հետագայում վաճառվելու են Ղազախստանում: Այդ կերպ Աստանան ու Բաքուն ապրապնդում ու նոր շունչ են տալիս Կասպյան տրանսպորտային միջանցքին:
Ադրբեջանը կարող է Ղազախստանի համար «դարպաս» ծառայել դեպի ՎՈւԱՄ երկրներ։
ՎՈՒԱՄ(Վրաստան–Ուկրաինա–Ադրբեջան–Մոլդովա) երկրները պատրաստվում են ստորագրել ազատ առևտրի մասին համաձայնագիրը։Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը։ Գրոյսմանը հույս է հայտնել, որ ազատ առևտրի գոտին կսկսի գործել արդեն 2017թ.–ին։


Ուկրաինան Ադրբեջանին է փոխանցել Բալթիկ ծով-Սև ծով-Կասպից ծով միջազգային տրանսպորտային միջանցք ստեղծելու առաջարկը: Այդ առաջարկն առավել մեծ հետաքրքրություն է ստանում ռուս-ուկրաինական հարաբերությունների հետագա սրման և Կիևը՝ՌԴ-ից վերջնականապես հեռացնելու ԱՄՆ-ի ռազմավարության տեսանկյունից: Ուկրաինան ցանկանում է ունենալ կասպյան տարածաշրջանի հարուստ նավթագազային շրջաններ դուրս գալու տրանսպորտային միջանցքներ՝ Մոսկվայից գազային կախվածությունը նվազեցնելու համար:

 

 

Արտյոմ Բալասանով