Մեզանում այնքան օրինակելի Իսրայելում առկա են մի շարք ուշագրավ իրողություններ, որոնք շատ կարևոր հարցադրման հիմք են տալիս՝ արդյո՞ք «հանցագործ բարքերով» երկիր է Իսրայելը, թե՞ իրավական, ժողովրդավարական:
Մասնավորապես, ներկայում քրեակատարողական հիմնարկներում իրենց պատիժներն են կրում Իսրայելի 16-րդ վարչապետ Էհուդ Օլմերթը և 8-րդ նախագահ Մոշե Կացավը: Վերջինը դեռևս 2010թ. 7 տարվա ազատազրկման էր դատապարտվել միաժամանակ մի քանի քրեական գործով՝ բռնաբարության 2 դեպքի և դատական գործընթացներին խոչընդոտելու մեղադրանքներով:

 


Իսկ ահա 2006-2009թթ. Իսրայելը կառավարած վարչապետ Օլմերթը 2014թ. պատասխանատվության է ենթարկվել միաժամանակ 2 տարբեր կոռուպցիոն գործերով(չնայած, որ դեռևս նրա վարչապետության ընթացքում միաժամանակ հետաքննություն էր ընթանում կոռուպցիոն մի քանի գործերով). ի դեպ, նախօրեին երկրի նախագահ Ռեուվեն Ռիվլինը մերժել է իրեն ուղղված Օլմերթի ներման խնդրագիրը:
Ինչ վերաբերում է գործող առանցքային պաշտոնյաներին, ապա օրերս կարճվեց Իսրայելի գլխավոր ընդդիմադիր «Սիոնիստական ճամբար» դաշինքի առաջնորդ, Քնեսեթի պատգամավոր Իցհակ Հերցոգի դեմ քրեական գործը՝ դարձյալ կոռուպցիոն սկանդալի հետ կապված: Իսկ ամենակարևորը՝ Իսրայելում լայն թափով միաժամանակ 2 քրեական գործով հետաքննություն է ընթանում գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուի դեմ:

 

«1000-ի գործով» Նեթանյահուն և նրա ընտանիքը մեղադրվում են հայտնի հրեա միլիարդատերներ Արնոն Միլչինից և Ջեյմս Պեկերից պարբերաբար ընտանեկան «ընծաներ» ստանալու իրողությունների հետ կապված: Մեկ այլ՝ «2000-ի գործով»՝ Հրեական պետության առաջնորդը հետապնդվում է իսրայլեական ամենահայտնի օրաթերթերից մեկի՝ «Եդիոթ Ահրոնոթի» սեփականատեր Նոնի Մոզեսի հետ «հանցավոր գործարքի» մեջ մտնելու մեղադրանքով, ըստ որի՝ երկրում բավական ազդեցիկ և ամենատարածված «Իսրայել Հայոմ» օրաթերթի անվճար տարածումը սահմանափակելու դիմաց Մոզեսին պատկանող լրատվամիջոցները դադարեցնելու էին վարչապետի դեմ քննադատական հրապարակումներով հանդես գալը:

 

Ի դեպ, Իսրայելում լայնորեն քննարկվում է նաև քրեական հետապնդման բացասական հետևանքներից խուսափելու նպատակով Նեթանյահուի կողմից գործող կառավարությունը ցրելու և նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու տարբերակը: Վերոնշյալից բացի, մի կարևոր «մանրուք» ևս՝ վարաչապետի գրասենյակի աշխատակիցների հետ կապված դատական քաշքշուկների մեջ է նաև Նեթանյահուի կինը՝ Սառա Նեթանյահուն:

 


Եվ վերջում, գուցե ոչ այնքան էական մի իրողություն ևս՝ ընդամենն օրեր առաջ Իսրայելի խորհրդարանը օրենք ընդունեց՝ երկրում մարիխուանայի օգտագործման համար քրեական պատասխանատվության չեղարկման մասին: