Եվրոպայում 1710 թվականին լույս տեսած «Պատմական ատլասի» մի հատորում առանձին մեծ էջ կա «Հայաստանի և Վրաստանի գլխավոր քաղաքների պատկերներն ու նկարագրությունը» (Vue et Description Des Principales Villes De L'Armenie et De La Georgie Avec) վերնագրով:

 

Ֆրանսիացի անվանի քարտեզագետ, գիտնական և գրող Հանրի Շատելենը (Henri Chatelain) 1705-1720 թթ. Փարիզում և Ամստերդամում Նիկոլաս Գուենդևիլի (Nicolas Gueudeville) հետ համատեղ ֆրանսերեն լեզվով հրատարակել է 7 հատորանոց «Պատմական ատլաս, կամ Նոր ներածություն պատմության, ժամանակագրության և հին ու նոր աշխարհագրության» (Atlas Historique, Ou Nouvelle Introduction A l'Histoire, à la Chronologie & à la Géographie Ancienne & Moderne) կոթողային աշխատությունը: Այն մի քանի անգամ վերահրատարակվել է տարբեր հրատարակիչների կողմից և համարվում էր այդ ժամանակաշրջանի աշխարհագրական և պատմական համառոտ հանրագիտարանը:

 

1710 թվականին լույս տեսած «Պատմական ատլասի» մի հատորում առանձին մեծ էջ կա «Հայաստանի և Վրաստանի գլխավոր քաղաքների պատկերներն ու նկարագրությունը» (Vue et Description Des Principales Villes De L'Armenie et De La Georgie Avec) վերնագրով: Այն մեկ ամբողջական պաստառ է՝ Արևմտյան Հայաստանի և Վրաստանի քաղաքների քարտեզագրված պատկերներով և այդ քաղաքներին վերաբերող նկարագրություններով:

 

Հետաքրքիր է, որ անգամ հայկական պետականության բացակայության պայմաններում Հայաստանը եվրոպացիների կողմից փաստացի ընկալվում և ճանաչվում էր որպես իր բնիկ ազգաբնակչությամբ՝ հայերով բնակեցված և «Հայաստան» (Armenia) անվանումով առանձին մի տարածաշրջան:

 

Ներկայացվող էջում եղած տեղեկությունները կանոնակարգված և առանձնացված են մի քանի բաժիններում: Արևմտյան Հայաստանը փաստացի ներկայացված է Էրզրում, Կարս, Տրապիզոն և Թոկատ (գտնվում է Սեբաստիա քաղաքից դեպի հյուսիս) քաղաքներով, իսկ Վրաստանը ներկայացված է Թիֆլիս մայրաքաղաքով:Այդ բոլոր քաղաքների վերաբերյալ տրվում են նաև բազմաբնույթ համառոտ տեղեկություններ: Ուշագրավ է, որ Էրզրումը նշված է որպես «Հայաստանի մայրաքաղաք», Կարսը՝ «Հայկական քաղաք Պարսկաստանի մոտ»: Էջի երեք պատկերներում տրվում են նաև հայ հոգևոր դասի ներկայացուցիչների հանդերձանքները:

 

Ռուբեն Շուխյան