Քանի դեռ գոյություն ունի այսօրվա ռեժիմը'միջուկային ներուժով կամ առանց այդ ներուժի, Իրանը շարունակում է հանդիսանալ Իսրայելի անվտանգության գլխավոր սպառնալիքը։ Այդ մասին հայտարարել է Մոսադի ղեկավար Յոսսի Քոենը։
Նա նշել է, որ Իսրայելը պետք է համագործակցություն սկսի Մերձավոր Արևելքի չափավոր արաբական պետությունների հետ։

 


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է նոր պատժամիջոցներ մշակել Իրանի դեմ, որպեսզի Թեհրանին թույլ չտան միջուկային զենք ստանալ։
«Իմ վարչակազմն արդեն նոր պատժամիջոցներ է ներմուծել Իրանի դեմ, և ես կանեմ ավելին, որպեսզի կանխվի Իրանի կողմից որևէ միջուկային զենքի մշակումը»,- ասել է Թրամփը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ մամլո ասուլիսի ժամանակ:
Թրամփը փաստորեն ավելի խիստ ու կտրուկ է լինելու Իրանի հետ հարաբերություններում, քան իր նախորդ Բարաք Օբաման։ «Բազե» Թրամփն իր հակաիրանականությամբ ավելի շատ նմանվում է Ջորջ Բուշ–կրտսերին ու նեոպահպանողականների ծայրահեղ թևին։
The Wall Street Journal–ի տվյալներով, ԱՄՆ-ը ծրագրում է ռազմական դաշինք ստեղծել Իրանի դեմ։ Դաշինքում կարող են ընդգրկվել Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Եգիպտոսն ու Հորդանանը։ Այլ արաբական երկրներ ևս կարող են միանալ բլոկին։ Համաձայնագրում կպարունակվի դրույթ այն մասին, որ մասնակիցներից մեկի վրա հարձակումը կդիտարկվի որպես ագրեսիա դաշինքի մնացած բոլոր անդամների դեմ։ Ինչպես հաստատում է WSJ-ն՝ ԱՄՆ-ը և Իսրայելը չեն լինի միության մասնակիցներ, սակայն Վաշինգտոնը պատրաստ է դաշինքին տրամադրել զենք և հետախուզական տեղեկատվություն։ Թել-Ավիվը նույնպես կսահմանափակվի հետախուզական տվյալներով։
Իսրայելի համար շատ ձեռնտու է Թրամփի կտրուկ վերաբերմունքը Իրանի նկատմամբ ու հակաիրանական կոալիցիայի ձևավորումը բխում է Թել–Ավիվի շահերից։
Չմոռանանք, որ վերոնշյալ արաբական երկրների մեծ մասում'հատկապես Ծոցի երկրներում տեղակայված են ամերիկյան ռազմաբազաներն ու փաստորեն Թրամփն Իրանի դեմ «արաբական ՆԱՏՕ» է ձևավորում։
Պարսից ծոցում ԱՄՆ-ը կենտրոնացրել է բավականին հզոր ռազմական բռունցք: Այսպես, Քուվեյթում, որի հետ ԱՄՆ-ը 1991թ.-ից ունի համատեղ պաշտպանության պայմանագիր տեղակայված է ամերիկյան 15.000-ոց զորախումբ և ռազմակայաններ:

 


Բահրեյնում, որի բնակչության մեծամասնությունը շիաներ են, իսկ իշխող վարչակարգը՝ սունիներ, տեղակայված է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմը, Շեյխ-Իսա ռազմակայանում տեղակայված է 5.000 զինվորական:
Քաթարում տեղակայված է ԱՄՆ-ի կողմից շահագործվող Էլ-Ուդեյդ ռազմակայանը, որտեղ տեղակայվում են ամերիկյան կործանիչներ, այդ թվում՝ ԱՎԱՔՍ, որոնք ռադիոէլեկտրոնային հետախուզությամբ են զբաղվում ամբողջ Ծոցի տարածաշրջանում: Քաթարում է գտնվում նաև 4.000 ամերիկացի զինվորական:

 


Ծոցի մեկ այլ երկրում՝ Արաբական Միացյալ Էմիրություններ է տեղակայված Էլ-Դաֆրա ռազմակայանը, Օմանում՝ Մասկատ, Մասիրա և այլ ռազմակայանները:
Տարածաշրջանի ամենահզոր երկրներից մեկում՝ ԱՄՆ-ի կարևորագույն դաշնակցի Սաուդյան Արաբիայի տարածքում է գտնվում Պրինց-Սուլթան խոշոր ռազմակայանը, իսկ 2011թ.-ին այդ երկրի տարածքում ամերիկյան հետախուզության կողմից կառուցվել է գաղտնի ռազմակայան, որտեղ անօդաչուներ են տեղակայված:
Իսրայելի ռազմա–օդային ուժերը վերջերս հարված են հասցրել Սիրիայում լիբանանյան շիական, Հզբոլահ խմբավորման դիրքերին։ Այդ մասին հայտնում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։

 


Նշվում է, որ Իսրայելն օդային հարվածներ է հասցրել, որպեսզի խափանի Իրանի կողմից աջակցություն ստացող Հզբոլահին մաքսանենգ ճանապարհով զենքերի փոխանցումը։
Ինչպես հայտնում է Haaretz–ը, հարված հասցնելուց հետո իսրայելական ինքնաթիռները զենիթային հարվածներին են ենթարկվել Սիրիայի տարածքից։
Ալ–Ջազիրայի տվյալներով, Իրանը վերջերս Հզբոլահին է փոխանցել Լիբանանում ռազմական արդյունաբերության հոսքեր։

 


Խոսքը գնում է գործարանների մասին, որոնք գտնվում են 50 կմ խորության վրա և պաշտպանված են օդային հարձակումներից։
Հզբոլահը հանդես է գալիս Ասադի կողմից։ Երկու տասնամյակ Հզբոլահը ռազմա-տեխնիկական աջակցություն էր ստանում Ասադի հորից' Հաֆեզ Ասադից։ Այժմ էլ Հզբոլահը պաշտպանում է Ասադի ռեժիմը' պայքարելով տարբեր սունիական ծայրահեղական խմբավորումների դեմ։
Սիրիան ու Հզբոլահը'Իրանի «դիմադրության առանցքի» կարևոր տարրերն են ընդդեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի։ Հզբոլահի զենքերի մեծ մասը առաքում է Իրանը' Դամասկոսի օդանավակայանի միջոցով ու Ասադի տապալման դեպքում այդ «կամուրջը» կփլուզվի։

 


Իրանը Սիրիային վաղուց նավթ է առաքում ցածր գներով, իսկ 2011թ.-ից' հակամարտության սկզբից ի վեր Թեհրանն ավելի քան չորս միլիարդ դոլարի վարկ է տրամադրել Դամասկոսին։
Պետական ԶԼՄ–ների տվյալներով, Իրանը ամսական 700 միլիոն դոլարի օգնություն է տրամադրում Սիրիային։

 


Ինչ վերաբերվում է Իրանի աշխարհաքաղաքական հակառակորդների'Իսրայելի, ԱՄՆ–ի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի շահերին, ապա նրանք ցանկանում են խզել այսպես կոչված «շիական առանցքը», որը ձգվում է Իրան-Իրաք-Սիրիա-Լիբանան ուղղությամբ։
Թել-Ավիվին ձեռնտու է կազմաքանդել Իրան-Սիրիա-Լիբանան առանցքը, քանի որ Հզբոլահը Իսրայելի հյուսիսից սպառնում է հրեական պետության անվտանգությանը' իր ռազմական ենթակառուցվածքները տեղակայելով սահմանին։ Հզբոլահն Իրանի «զենքերից» մեկն է՝ ուղղված Իսրայելի դեմ։
Սիրիական հակամարտության շարունակությունն'առանց այն Իսրայելի տարածք տեղափոխելու հեռանկարի, ձեռնտու է Թել-Ավիվին, քանի որ աշխարհաքաղաքական հակառակորդ'Իրանի շահերի սպասարկող Սիրիան կազմաքանդված է, նրա տնտեսությունը գտնվում է փլատակաների տակ, իսկ Հզբոլահն Իսրայելից «շեղվելով» իր ամբողջ ուժն ու մարդկային լավագույն ռեսուրսները սպառում է սիրիական անապատներում'մարտնչելով սունիական տարբեր խմբավորումների դեմ։

 


Եթե Իսրայելը կրկին հարվածի Հզբոլահին, ապա դա կարող է բացել «պանդորայի արկղը» և թուլացնել Սիրիայում ջիհադականների դեմ պայքարող ուժերը։ Ինչպես հայտնի է, որ ռուսական օդուժն աջակցում է ցամաքում իրանական Ալ–Կոդս, ինչպես նաև Հզբոլահի մարտիկների ու սիրիական կառավարական ուժերի գործողություններին։
Հզբոլահը' Սիրիայի տարածքում իր դեմ ուղղված հարվածին կպատասխանի Լիբանանի հարավից հարվածելով Իսրայելին, այդ թվում իսրայելական միջուկային օբյեկտներին։ Այս պարագայում ռազմական գործողություններին, որպես Իսրայելի ռազմավարական դաշնակից ու անվտանգության երաշխավոր կմիջամտի ԱՄՆ–ը։

 


Չպետք է մոռանալ նաև Իրանի ազդեցության մասին ՀԱՄԱՍ–ի և պաղեստինյան այլ զինված խմբավորումների վրա։ Հզբոլահի և իրանական շահերի համար վտանգ զգալով Թեհրանը կարող է զինել նաև Իսրայելի հարևանությամբ, Սինայում գտնվող տարբեր խմբավորումներին'իսլամիստական, բեդուիններին և այլն'Իսրայելի համար նաև հարավից նոր ճակատ բացելու համար։

 


Reuters–ի տեղեկություններով Իրանն ավելացրել է Եմենում հոուսիտներին տրամադրվող ռազմական օգնությունը։ Խոսքը գնում է ոչ միայն քանակական, այլ նաև զենքերի որակական հագեցման մասին։
Իրանական Ալ–Կոդսի ղեկավար Քասեմ Սուլեյմանին ցանկանում է ի դեմս հոուսիտների ստեղծել յուրատեսակ Հզբոլահ Արաբական թերակղզում'Սաուդյան Արաբիայի հարևանությամբ։