Մերձավոր Արևելքում տարածաշրջանային հիմնական դերակատարները, պայմանավորված միջազգային հարաբերություններում ներկայիս ընդհանուր տրամաբանությամբ, սկսել են առավել ինքնուրույն տարածաշրջանային քաղաքականություն իրականացնել: Դրա ապացույցներից մեկն էլ Իսրայելի ու Հեզբալլահ խմբավորման, ասադական ուժերի միջև ռազմական ուղղակի առճակատման միջադեպերի հաճախակիացման հանգամանքն է: Օրերս Իսրայելը ավիահարվածներ հասցրեց Սիրիայում Հեզբալլահ խմբավորման դիրքերին, ինչին ի պատասխան՝ Իսրայելի ռմբակոծիչները ենթարկվեցին հրթիռակոծման:

 


Բավական ուշագրավ պետք է համարել այն, որ մինչ այդ ռազմական բախումը տեղեկատվական դաշտում ոչ պաշտոնական լուրեր տարածվեցին այն մասին, որ նախագահ Ասադը թույլատրել է Իրանին Լաթաքիայում հիմնել ռազմածովային բազա: Թեև այս տեղեկությունը հակամարտությանը ներգրավված կողմերից ոչ մեկը չհաստատեց, ոչ էլ հերքեց, այդուհանդերձ, այն թերևս որոշակիորեն փոխկապակցված է Իսրայելի կողմից Հեզբալլահի դիրքերի ռմբահարման վերջին դեպքերի հետ:

 

Կրկին ելնելով միջազգային հարաբերություններում տիրող աշխարհաքաղաքական վերադասավորումների ընդհանուր գործընթացներից' սիրիական ճգնաժամն առաջիկայում կպահպանի իր ակտուալությունը, որտեղ ներգրավված տարածաշրջանային հիմնական դերակատարները կլինեն առավել ինքնուրույն, ինչն էլ իր հերթին մեծացնում է անկայունությունը մերձավորարևելյան տարածաշրջանում: