Զինվորների համար դիրքերում օրերը մի քիչ արագ են անցնում, ինչքան քիչ հերթափոխ է մնում այնքան մոտենում է զորացրվելու օրը: Նույնը չէ սպաների համար: Այդ օրերի ընթացքում կտրված են տնից-տեղից, չնայած ժամանակի ընթացքում նաև դիրքն է դառնում տուն ու տեղ:
Ռազմական ակադեմիան նոր ավարտած սպային նշանակել էին սահմանապահ զորամասերից մեկում, որպես դասակի հրամանատար: Երևանում ուսում ու հայրենասիրական դասեր ստացած երիտասարդի արյունը եռում է, մանավանդ երբ պետք է առաջին անգամ բարձրանա դիրք ու լինելու է դիրքի ավագը: Մի կողմից պատասխանատվության զգացմունքն է, որ այդքան երիտասարդների վստահում են իրեն մի քանի օրով, թշնամու քթի տակ սահման պահելու, մյուս կողմից օրօրոցային վրեժն է խեղդում:
Այդ թվերին մեր կողմից արգելված էր թշնամու վրա կրակել: Մարդիկ դրա համար նկատողություն էին ստանում, անգամ ազատազրկվում: Դե մենք հաղթել էինք պատերազմը ու փորձում էինք ավելի ցիվիլ եղանակով լուծել մնացած հարցերը: Բայց դա թշնամուն չէր խանգարում, որ կրակեր մեր դիրքերին: Մենք այդ ժամանակ պատասխանում էինք միայն հրամատարության թույլտվությամբ: Մարդու տեղ էինք դնում դրանց, հուսով էինք , որ կփոխվեն ու կհասկանան, որ զենքով հարցեր լուծելը սխալ է, մի անգամ փորձել են՝ չի ստացվել:
Մի խոսքով անորոշ վիճակ է: Առաջին անգամ դիրքերում, թշնամու քթի տակ, բայց կրակել չի կարելի, ընդհանրապես ինքնագլուխ ոչինչ անել չի կարելի: 
Առաջին, երկրորդ, երրորդ օրերը անցան սովորական: Անկապ ու անիմաստ կրակոցներ, սադրիչ գործողություններ: Չորրորդ օրը, արդեն դիրքին ու առօրյային համակերպված երիտասարդ սպան հերթական ստուգումն էր կատարում դիրքում: Տարածքը դիտարկելու համար վերցրեց դիպուկահարի հրացանը ու սկսեց ուսումնասիրել թշնամու դիրքը: Թշնամու խրամատի գլխին նստած էր զինվոր, ավելի ճիշտ սպա, վայելում էր ամռան արևը, կարծես հոր տան բակում նստած լիներ: Դե գիտեին, որ մենք չենք կրակելու, իրենք էլ երկու օր է համեմատաբար հանգիստ են, իրավիճակը լարված չի ու վայելում են ամռան արևը:
Հրացանի նշանը բռնել էր ուղիղ գլխին: Մի կողմում կրակել ու սատկացնելն էր, բայց դրա դիմաց պետք է պատժվեր, մյուս կողմում խելոք զենքը իջեցնել ու ամբողջ ընթացքում տանջվեր: Մի քանի վարկյանում հորինեց նաև երրորդ տարբերակը ու կրակեց...ուղիղ թշնամու կողքի քարին, միլիմետրի տարբերությամբ գնդակը չկպավ ադրբեջանցի սպային: Երկու վարկյան երկուսն էլ քարացան: Թշնամին չհասկացավ ինչ պատահեց, ինքն էլ սպասում էր նրա ռեակցիան: Երրորդ վարկյանին ադրբեջանցի սպան տեղից թռավ ու ընկավ ուղիղ խրամատի մեջ: Առանց աչքը թարթելու նշանոցով լուռ հետևում էր դիմացի դիրքին, չնայած զինվորները արդեն իրար խառնված դիրքավորովում էին: Հրաման տվեց՝ հանկարծ չկրակեք: Ադրբեջանցի սպան ընկած տեղում մնացել ու չէր շարժվում, չնայած հեռավորությանը կարծես նշանոցի մեջից լսում էր թշնամու վախեցած շնչառությունը:
Մի քանի վարկյան խրամատի մեջ պառկած մնաց, ինքն էլ հասկանում էր, որ ողջ է մնացել զուտ նրա համար, որ դիմացի դիրքից հայ զինծառայողը չի ցանկացել իրեն սպանի: Հետո կամաց ոտքի կանգնեց, շփոթված քայլում էր դեպի բլինդաժ:

Մինչև հաջորդ հերթափողը թշնամու այդ դիրքից ոչ մի կրակոց այլևս չլսվեց...

 

Աշոտ Ասատրյան