Ըստ մի շարք աղբյուրների՝ լուրջ տարաձայնություններ են ծագել Սիրիայի հյուսիսում Թուրքիայի աջակցությամբ իրականացվող «Եփրատի վահան» ռազմագործողության շրջանակներում ներառված արաբական և թյուրքական ծագման որոշ խմբավորումների շրջանում. մի քանի տասնյակ զինյալներ հրաժարվել են կատարել թուրք հրամանատարների հրամանները: Ըմբոստությունը տեղի է ունեցել թուրք-սիրիական սահմանի մերձակայքում գտնվող Հալեպի նահանգի ալ-Ռայի քաղաքում, դրա մասնակիցները կոչ են արել իրենց զինակիցներին՝ ևս միանալու բողոքի ակցիային:

 

Իսկ զինյալների շրջանում ծագած դժգոհությունների հիմնական պատճառը աշխատավարձերի թերվճարման կամ ընդհանրապես չվճարելու դեպքերն են. նախապես խոստացված ամերիկյան 400 դոլարի փոխարեն՝ զինյալներին վճարվել է 400 թուրքական լիրա, այսինքն՝ մոտ 4 անգամ պակաս: Բացի այդ, «ընդդիամդիր զինյալներն» իրենց դժգոհությունն են հայտնել թուրքական բանակի գործողությունների առնչությամբ, քանի որ թուրքական ԶՈՒ-երը չեն ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն մարտական գործողությունների ընթացքում:

 

Վերոնշյալ միջադեպերը հերթական ապացույցն են այն իրողության, որ «Եփրատի վահան» ռազմագործողության մեջ ներառված, այսպես կոչված, սիրիական ընդդիմադիր խմբավորումներն իրականում Թուրքիայի կողմից և նրա ֆինանսական ներդրումներով ստեղծված վարձկանների խմբեր են, որոնց միջոցով այդ երկրի իշխանությունները ձգտում են առարկայացնել իրենց շահերը հարևան Սիրիայի տարածքում:

 

Արմեն Պետրոսյան