Ադրբեջանում սկսվել է տեղական արտադրության «Zərbə» անօդաչու թռչող սարքերի փորձարկումներն ու մասսայական արտադրությունը։ 2017թ.-ին նախատեսվում է ևս երկու տեսակի անօդաչուների արտադրության մեկնարկ։
Մարտի 4-ին ժամը 12:15-ին Արցախի զինված ուժերի հակաօդայինները շփման գծի արևելյան (Մարտունի) ուղղությամբ խոցել են ադրբեջանական զինուժին պատկանող Orbiter տեսակի անօդաչու թռչող սարք: Այդ մասին հայտնել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում։

 

Չմոռանանք, որ նախորդ տարի Ղարաբաղում ապրիլյան քառօրյայի ժամանակ Ադրբեջանը նույնպես բազմաթիվ անգամներ և տարբեր նպատակների' հետախուզական, հարվածային, հրետանու կրակի ուղղորդում (корректировка огня) կիրառել է անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ իսրայելական արտադրության կամիկաձեներ, իսկ այժմ սկսել է տարբեր տեսակի անօդաչուների սեփական արտադրությունը։

 

Ադրբեջանը, քառօրյայից դասեր քաղելով, հասկացել է անօդաչուների կիրառման արդյունավետությունը։ Արցախի երկնքում կործանիչների կիրառությունը հանգեցնելու էր ՊԲ ՀՕՊ ուժերի հակազդմանն ու թե մարդկային, օդաչուներով Ադրբեջանը երբեք աչքի չի ընկել և արցախյան պատերազմում օգտվել այլազգի օդաչուների ծառայություններից, ինչպես նաև նյութական' միլիոնավոր դոլար արժեցող կործանիչների կորուստների։ Սեփական արտադրության անօդաչուները այդքան էլ թանկ չեն Իսրայելից գնելու համեմատությամբ, այդ պատճառով Բաքուն որոշել է գնալ հետախուզական, հարվածային (կամիկաձե) և հետախուզա–հարվածային տիպի անօդաչուների արտադրությանը, ինչը հուշում է, որ Ղարաբաղում այդ տիպի զինատեսակներն ավելի լայնորեն են կիրառվելու։

 

ՊԲ-ն պետք է ամրապնդի ՀՕՊ համակարգն ու РЭБ համակարգերը։

 

Անօդաչուների զանգվածային կիրառության նպատակն է տնտեսել թե՛ կործանիչ ավիացիան, թե՛ մարդկային գործոնը բացառել. կործանիչի խոցումը բերելու է կա՛մ անձնակազմի կորստին, կա՛մ նրանք կատապուլտայից օգտվելու պարագայում «ընկնելու» են ԼՂՀ տարածքում ու դառնան ադրբեջանական ագրեսիայի կենդանի վկաները' գերիներ, ինչը կունենա թե՛ ռազմական, թե՛ քաղաքական ծանր հետևանքներ Բաքվի ռեժիմի համար։

 

Անօդաչուները հաջորդ ռազմական գործողությունների ժամանակ օգտագործվելու են հետախուզական' ԼՂՀ խորքում զորքերի տեղաշարժը հսկելու, ինչպես նաև հարվածային նպատակներով' հարվածելով թիկունքից առաջնագիծ օգնության շտապող զինտեխնիկայի շարասյուններին, շարքից հանելով ենթակառուցվածքներն ու հարվածի տակ պահելով Քելբաջարի ու Լաչինի ճանապարհները, որպեսզի ՀՀ-ից օգնության ինտենսիվությունը սահմանափակվի։

 

Հարվածներ կարող են հասցվել նաև Ստեփանակերտի դեռևս չգործարկված օդանավակայանին, թռիչքուղուն և այլն' Երևան-Ստեփանակերտ օդային ճանապարհով ռազմական աջակցությունը խափանելու համար։